Պնդելու են, որ տրանսպորտի սակագինը չբարձրանա
Ոչ թե հանրային լսումներ, այլ միմիայն հանձնաժողով։Այսպես է քաղաքապետարանն արձագանքել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի առաջարկին։ Հանձնաժողովը ստեղծվել է ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով, մինչդեռ Բաբկեն Պիպոյանը վստահ է, որ խնդրի լավագույն լուծումը հանրային լսումներն են։
«Երեկ տեղի ունեցած հանձնաժողովից հետո իմ տպավորությունները հակասական են։ Իմ մյուս առաջարկների թվում էր, որ ուղևորափոխադրումների երթուղային ցանցի հիմնական չափորոշիչները քննարկելուց առաջ կազմվի հաշվարկ- հիմնավորում։ Միայն հաշվարկ-հիմնավորումից հետո կարելի է անդրադառնալ չափորոշիչներին։ Բայց նիստի ընթացքում հենց սկզբից սկսեցին քննարկել չափորոշիչները։ Բացասական կողմերից մեկն էլ այն էր, որ իմ առաջարկներին համաձայն էր միայն հանձնաժողովի մեկ-երկու անդամ, ընդդիմադիր կողմը չկար։ Տրանսպորտի սակագնի փոփոխության հարցը նիստի ընթացքում չի քննարկվել, սակայն ես պնդելու եմ, որ չբարձրանա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը, ով նույնպես ընդգրկված է ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովում, նշեց, որ առաջին նիստից տպավորությունները վատ են։ Պարոն Պողոսյանի խոսքերով իր առաջարկները չեն ընդունվել։
«Առաջարկել եմ, որ նախ քննարկվի բեռնվածության հարցը։ Ինձ համար կարևոր չափորոշիչը մեքենայի բեռնվածությունն է, ինչքանով է բեռնված, ինչքան մարդ է տեղափոխում։ Չանցավ էդ առաջարկը։
Որպեսզի գոյանա ուղեվարձի գինը, դրա համար պետք է տեղափոխված ուղեւորների քանակը բազմապատկենք էդ արժեքով ու բաժանենք ծախսերի վրա, այսինքն՝ առաջին չափանիշը քանակն է։ Սա է իմ տրամաբանությունը»,- նշեց Արմեն Պողոսյանը։