Ինչպես կառավարել ֆինանսները
Այսուհետ դպրոցականները կտեղեկանան, թե ինչպես է հնարավոր կառավարել պետական պարտքը: Այս մասին այսօր տեղեկացրեց Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը։
ՀՀ Կենտրոնական բանկը որոշել է մեկ ամսվա ընթացքում ֆինանսական ծառայություններից օգտվող քաղաքացիներին, ինչպես նաեւ` դպրոցականներին ու ուսանողներին մոտիկից ծանոթացնել ֆինանսական շուկայի ու ծառայությունների առանձնահատկություններին:
ԿԲ-ն մի շարք ֆինանսական կառույցների հետ համատեղ անցկացնում է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագիրը: Ինչպես իր խոսքում նշեց ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը` ծրագրի նպատակն է բնակչության անձնական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացումը, որի մի շարք խնդիրներ կլուծի. «Դա կարեւորագույն լուծում է բնակչության սոցիալական խնդիրների, կենսամակարդակի բարձրացման ապահովման համար, ինչպես նաեւ` ֆինանսական միջնորդության աճի համար, որը հետագայում իր ազդեցությունն է ունենում նաեւ ֆինանսական կայունության վրա»:
Նա վստահեցրեց, որ այսպիսով առավել կպաշտպանվեն ֆինանսական ծառայություններից օգտվող քաղաքացիների շահերը, որոնց գրագիտության եւ տեղեկացվածության մակարդակի բարձրացման շնորհիվ ֆինանսական շուկայում առաջարկվող բազմապիսի ծառայություններից նրանք առավել հեշտ կօգտվեն: Ինչպես իր խոսքում նկատեց Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը` իր համար առավել կարեւոր է եղել կառավարել սեփական ֆինանսները, քան բանկերում ներգրավված միջոցները, քանի որ, ըստ նրա, դա առավել բարդ ու պատասխանատու է:
Ի դեպ, այս ծրագիրն ընդգրկված է ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մեջ:
Առաջադրված նպատակներին հասնելու համար ծրագրի հեղինակները որոշել են սեմինարներ, ցուցահանդեսներ կազմակերպել թե Երեւանում, թե մարզերում: