Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿԱՄԱԶ-ՀԱՅԱՍՏԱՆ» կենտրոն՝ ՀԱՊԿ շրջանակում

Պաշտոնական
b3ca1a77f0824cd70c3f50b47c4bbed5

Այսօր Երևանում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը:

Նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ազգային մասերի պատվիրակությունները:
Նիստի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Այսօր կարող ենք արձանագրել, որ մեր ուժերի համատեղման շնորհիվ ՀԱՊԿ շրջանակում ռազմատնտեսական ինտեգրման և որոշումների համալիր ապահովման բնագավառում հասել ենք շոշափելի արդյունքների: Այս նիստի ծրագրի շրջանակներում կբացենք «ԿԱՄԱԶ-ՀԱՅԱՍՏԱՆ» սերտիֆիկացված սպասարկման կենտրոնը, որը նախատեսված է Պաշտպանության նախարարության և այլ ուժային կառույցների ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման համար:

Արթուր Բաղդասարյանն իր խոսքում կարևորեց նաև Գործարար խորհրդի նշանակալի դերը ՀԱՊԿ անդամ երկրների ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ինտեգրացիայի գործում, նշելով նաև, որ ստեղծման փուլում են համատեղ ձեռնարկություններն ու սերվիս-կենտրոնները: 

«Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական ոլորտի հարցերը, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների համագործակցությունը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը գտնվում են մեր երկրի քաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»,- նշեց Ա. Բաղդասարյանը:

Արթուր Բաղդասարյանը խոսեց նաև ստեղծվելիք` Հայաստանի ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի ու դրա դրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի մասին, որի խնդիրներից է լինելու հայեցակարգով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով ռազմական արդյունաբերության ոլորտում համապատասխան ծրագրերի կատարման արդյունքների ամփոփումն ու գնահատումը: 
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքով ռազմատնտեսական համագործակցության դերը, որպես անվտանգության ոլորտում համագործակցության կարևորագույն բաղադրիչ, բարձրանում է:

Ն. Բորդյուժան շեշտեց, որ առաջիկայում համագործակցության հիմնական ուղղություններից մեկը լինելու է ռազմական տեխնիկայի վերանորոգման սերվիս-կենտրոնների ստեղծումը:

Նիստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանական արտադրանքի ստանդարտացմանը ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական արդյունաբերության մրցունակության ապահովման հարցում, ՀԱՊԿ-ի շրջանակներում զինված ուժերին մատակարարվող առարկաների կատալոգավորման միջպետական համակարգի ստեղծմանը, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման մեխանիզմների կատարելագործման հարցերին:

Նիստի ավարտին ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ազգային մասերի ղեկավարները ստորագրեցին համապատասխան արձանագրություն, որտեղ ամրագրվեցին նիստի ընթացքում ընդունված որոշումները: