Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խնձորի բերքը սակավ է

Կարևոր լուրեր Հասարակություն
8452742f83b602683d738ea28f3e53f2

Ամեն տարի այս օրերին Կոտայքի մարզի Նոր Գեղի տանող ճանապարհահատվածին եռուզեռ է։ Խնձորի բերքահավաքն սկսված է, իսկ գնորդները նախընտրում են գոլդեն, կրիպսոն, այդորետ տեսակի խնձորները ձեռք բերել հենց այգուց, երբեմն նաեւ իրենց ձեռքով են քաղում:
Ամեն տարի իրենց բերքից գոհ այգեգործներն այս տարի դժգոհելու առիթ ունեն. բերքը սակավ է ոչ միայն ցրտահարության, այլեւ մեկ ուրիշ պատճառով. «Թունաքիմիկատները երեւի լավը չէին, խնձորը լրիվ դեֆեկտով է` քոս է, խոնավությունից է առաջանում, սրսկեցինք էլ՝ չօգնեց»,- ասում է այգեգործ Սուրիկ Նադոյանը:

4000 քմ այգու սեփականատեր Ս. Նադոյանն իր ամենաորակյալ խնձորը վաճառում է 300 դրամով: Իսկ ծառի տակ ընկած խնձորն էլ հանձնում է գործարան.
«Ով մեքենա ունի, գալիս ինձնից 10 դրամով առնում է, տանում գործարան՝ 35 դրամով հանձնում: Դե, ծառից ընկած խնձոր է, չենք կարողանում պահել, այստեղ ինչ ծախեցինք ճանապարհի վրա, ծախեցինք»:

Այգեգործներն իրենց բերքը ոչ միայն վաճառում են, այլեւ փոխանակում։ Հանրապետության տարբեր գյուղերի բնակիչներն իրենց որակյալ բերքը փոխանակում են խնձորով.
Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ Յուրի Սարգսյանը մեկ պարկ ցորենը բերել է փոխանակելու խնձորի հետ: 1 կգ ցորենի դիմաց՝ 1-1,5 կգ խնձոր է վերցնում, իսկ խաղողը` նույն հարաբերակցությամբ: Պարզվում է` բացի բնամթերքից այգեգործներն իրենց բերքը փոխանակում են նաեւ հագուստով, նույնիսկ՝ կոշիկով։

Սարգիս Մամուլյանը Աբովյան քաղաքից է ու այգեգործությամբ զբաղվում է շուրջ 15 տարի: Այգի ձեռք բերելու համար նա վաճառել է իր ավտոմեքենան ու չի զղջում դրա համար. ասում է` խնձոր մշակելով երկու որդիներին կրթության է տվել: Այս տարի բերքատվությունը նաեւ նրան է հիասթափեցրել. 3800 քմ հողատարածքից ստացված բերքն ամբողջությամբ փչացել է. «Գարնան հենց սկզբում ցրտահարում եղավ, ու մեզ զգուշացրել են մեկ օր հետո, երբ արդեն ցրտահարությունը եղել էր»:


Ի տարբերություն մյուս տարիների, այգեգործներն այս տարի դժվարություններ կունենան իրենց պարտքերը մարելու հարցում։ Մեկ անգամ այգին ջրելու համար նրանք վճարում են 4-8 հազար, իսկ դեղելու համար` 100-120 հազար դրամ: