Բակո Սահակյանը չի՞ կատարում իր խոստումները
«Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի կատարել նախընտրական իր խոստումները։ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փլուզվում է, Բակո Սահակյանը խոստացել էր լուծել թատրոնի շենքի հարցը, սակայն մինչ օրս շենքը չի վերանորոգվել»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարատ Դավթյանը՝ անդրադառնալով լուրերին, որ Ստեփանակերտի թատրոնը ողբերգական վիճակում է։ «...Փլվում է թատրոնի շենքը, խումբը դուրս է բերվել այնտեղից, շենքի պատերը ճաք են տալիս, կոյուղագծերից ջուրը հորդում է շենք...»,- շարունակում է գեղարվեստական ղեկավարը։
Թատրոնն արդեն երկար տարիներ է՝ այդ վիճակում է։ Պատերազմից հետո շենքը չի վերանորոգվել։ Կառավարությունը խոստացել է լուծել հարցը։
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի մասին գիտի անգամ Սերժ Սարգսյանը։ «Սպասում ենք, որ գումար տան՝ կամ բարերարները, կամ կառավարությունը, սպասում ենք։ Մեզ խոստացել են, որ շենքը չի քանդվելու, մենք տեղափոխվել ենք այլ շենք»,-ասաց Մարատ Դավթյանը՝ ավելացնելով, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը թատրոնի շենքը վերակառուցելու խոստում տվել էր դեռեւս 2007թ. նախագահի ընտրություններից առաջ։
ԼՂՀ Մշակույթի նախարարությունից պարզաբանում ստանալ մեզ չհաջողվեց. մի քանի օր շարունակ հեռախոսները չէին պատասխանում։