Շրջադարձ Հարսնաքարի գործում (տեսանյութ)
«Հարսնաքարի գործով» ամբաստանյալների խոստովանությունները ոչ այլ ինչ էին, քան ծանր պատժից ազատվելու փորձ։
Ամբաստանյալներից յուրաքանչյուրն ասել է, որ դեպքի օրը ռազմական բժիշկներից մեկին է ծեծի ենթարկել: Եթե դատարանը նրանց ցուցմունքները համարի արժանահավատ, ապա ամբաստանյալներից յուրաքանչյուրը կդատապարտվի ընդամենը մեկ հոդվածով։
Քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանն ասում է. «Այստեղ խմբակայն հարձակման ու հաշվեհարդարից բխող հոդվածների փնջի տարանջատման խնդիրն է, որը թեթեւացնում է մեղքը եւ հնարավորություն է տալիս այս համաներման տակ ընկնել»։
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը սպասում էր նման շրջադարձի. «Չէ՞ որ գործ ունենք հանցավոր համակարգի հետ»։ Համաներման որոշումը եւս, ըստ նրա, պատահականություն չէր. «Համաներումը մի մարդասիրական գործողություն է, որ տարիներ շարունակ կյանքի չի կոչվել, պահվել է շատ ցինիկ նպատակներով. պարզ է, որ համակարգը որոշել է այդ համաներումը օգտագործել սեփական նպատակներով»
«Դեպքից անմիջապես հոտ ամբաստանյալները նման հայտարարություն չարեցին, քանի որ ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանային համալիրում ռազմական բժիշկներին ծեծի ենթարկելու դաժան հանցագործությունը հասարակական ուշադրության կենտրոնում էր»,- ասում է փաստաբան Տիգրան Եգորյանը։ Նա գտնում է, որ հասարակությունն այսօր «Հարսնաքարի գործով» պասիվացել է, եւ այս հանգամանքից կօգտվի դատարանը. «Ես լուրջ մտավախություն ունեմ, որ դատավճիռը կկառուցվի ի օգուտ մեղադրյալների»։