Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքապետարանը թքած ունի»

Հասարակություն
498fb7b029d11dc810cdbd31b7b78f56

Եթե քաղաքապետարանը «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների համար կարողանում է 200 մլն դրամ հայթայթել, խնդրել այս կամ այն բարերարից, հաշմանդամություն  ունեցող քաղաքացիների համար արժանապատիվ տրանսպորտ ապահովելու հարցում ինչու որևէ բան չի ձեռնարկում։

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Տաթեւիկ Խաչատրյանը վստահ է, որ խնդիրը քաղաքային բյուջեի միջոցների ողջամիտ և նպատակահարմար ծախսելու մեջ է։ Նրա խոսքերով՝ քաղաքապետարանը չի իրականացնում իր խոստումները։

«Մեզ տվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որ Երեւան քաղաքի հանձնաժողովի գործունեության մեջ 2013-ին նախատեսվում է չինական 10 ավտոբուսի հարմարեցում, արդեն հոկտեմբեր ամիսն է՝ ոչ մի բան արված չէ։ Այն դեպքում, երբ և ՀԿ-ները, և պետական կառույցները, և մարդու իրավունքների պաշտպանը մշտապես ասում են, որ ավտոբուսներն արդեն նախապես հարմարեցված է պետք բերել։Բայց տեսնում ենք, որ ներմուծումից հետո անցել է երկու տարի, դեռևս ոչ մի բան արված չէ»,-«Ա1+»-ին հայտնեց Տաթեւիկ Խաչատրյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականին զարմացնում է քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը՝ ո՞րն է պետության համար ավելի կարևոր՝ մարդու իրավունքների պաշտպանությո՞ւնը, այն որ ինքը պարտավոր է անել օրենքներով և ստանձնած միջազգային պարտավորություններով, թե՞ զուտ դեկորատիվ ծախսեր, որոնք անհրաժեշտություն չեն ներկայացնում։

«Տեսնում ենք, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց, ինչպես նաև առհասարակ բնակչության սակավաշարժուն խմբերի համար պահանջված նորմերը չեն պահպանվում։ Էստեղ և վերահսկողության պակաս կա, և խելամիտ միջոցների տրամադրման խնդիր։

Պետական մարմիններն անտեսում են հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները, անտեսում են բոլոր այն օրենքները, որոնցով նրանք պարտավորություններ ունեն»,- նշեց Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականը։

«Այն, որ քաղաքապետարանը երկու օրում կարող է քաղաքը զարդարել անճաշակ պաստառներով ու վահանակներով, ծախսել հսկայական գումարներ, իսկ հաշմանդամություն ունեցողների բարձրացրած խնդիրներն անտեսել, նշանակում է, որ քաղաքապետարանը թքած ունի հաշմանդամություն ունեցող մարդկանց վրա»,-այս կարծիքին է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» անդամ Զարուհի Բաթոյանը։