Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունն օգնություն է բաժանել

Հասարակություն
cea84145b4d639055f6cbb71ca3adc06

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարությունը ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են Կանանց ձեռներեցությանն աջակցելու ծրագրով ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային համաձայնագրից: Դրա համաձայն՝ ֆինանսական աջակցություն պետք է ցուցաբերվի 300 գործող և սկսնակ ՓՄՁ սուբյեկտի, որի առնվազն կեսը պետք է պատկանի և/կամ կառավարվի կանանց կողմից:

Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման ծրագրով նախատեսված աշխատանքները կատարելու նպատակով կառավարության որոշմամբ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 60 մլն դրամ:
Հաջորդ որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվել է ավելի քան 137 մլն դրամ, որից ավելի քան 107 միլիոնը` «Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» մասնաճյուղն անհրաժեշտ գույքով ու սարքավորումով ապահովելու, 30 միլիոնը` «Աուտիզմի ազգային հիմնադրամին» ամրացված մասնաշենքի նորոգման նպատակով:
Նախարարությանը հատկացված ևս մոտ 51 մլն դրամի մոտ 31 միլիոնն ուղղվելու է «Ապարանի ռազմական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի նորոգմանը, 10 մլն դրամը` Երևանի Գ. Մարգարյանի անվան N 94, 10 մլն դրամը` Երևանի Հ. Գալստյանի անվան N 83 ավագ դպրոցների շենքերի տանիքների նորոգմանը:

Հաջորդ որոշմամբ կրթության և գիտության նախարարությանը հատկացվել է 70 մլն դրամ` ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակներ սահմանելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար: Նշված գումարից 10 մլն դրամը նախատեսված է սիրիահայ երիտասարդների ուսման վարձը վճարելու համար:

Հարցը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարարը տեղեկացրել է, որ պետության նախաձեռնած սոցիալական աջակցության ծրագրերով մեր երկրում կրթություն է ստանում շուրջ 10 հազար երիտասարդ:

ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից ևս մեկում կատարած փոփոխություններով և լրացումներով կառավարությունը պետբյուջե է ներառել Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2011-ին ստորագրված Փոխըմբռնման հուշագրով ստացված 2 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհով Մեղրու և Ագարակի համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագիրը: Նախագծման աշխատանքն ավարտվել է, ճշտվել են ներմուծվող ապրանքի ցանկն ու քանակը, ինչպես նաև աշխատանքի ծավալը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը գրասենյակային գույքով, սարքավորումներով, համակարգչի մասերով, կենցաղային ապրանքներով ապահովելու նպատակով նախարարությանը հատկացվել է մոտ 7 մլն դրամ: Մոտ 11.5 մլն դրամ է տրամադրվել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պաշտոնական կայքի նորացումը և արդիականացումը, համակարգչային ցանցի համալրումն ու անխափան շահագործումն ապահովելու, գրասենյակային գույքը համալրելու, ինչպես նաև աշխատակիցների աշխատաժամանակի հաշվառման համակարգ տեղադրելու համար:

Տեսողությունից առաջին խմբի հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրող անձանց աջակցության նպատակով գործադիրը որոշել է նրանց զբաղվածությունն ապահովել «Արև» համակարգի միջոցով:

Ինսուլինակախյալ հիվանդների` անվճար դեղ ստանալու իրավունքի իրացումը պատշաճ և անխափան ապահովելու նպատակով կառավարությունը սահմանել է, որ ՀՀ 2013-2019 թթ. կարիքների համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից ինսուլինի խմբաքանակների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ՍՊԸ-ից: