Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՄՊՊՀ-ն կուսումնասիրի դեղերի շուկան

Պաշտոնական
ee2fb3dc57c27266a4c19972d0868cad

Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևի հրավերով՝ աշխատանքային այցով Մոսկվայում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Հանդիպման նպատակը Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն ՀՀ անդամակցության շրջանակում մրցակցային քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկումն է:

Այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրներում դեղորայքի ոլորտում բացահայտված մի շարք խնդիրներ, որոնք, հնարավոր է, որ առկա լինեն նաև Հայաստանում: Բավականին տարածված է այն երևույթը, երբ բժիշկները հիվանդներին նշանակում են կոնկրետ անվանումով դեղեր և ուղղորդում են գնալ կոնկրետ դեղատուն:

Օրինակ, ՌԴ մրցակցային մարմինը պարզել է, որ այս երևույթն ունի մասսայական բնույթ և դրա արդյունքում բժիշկները դեղատներից կամ դեղ իրացնողներից ստանում են որոշակի պարգևատրումներ:

ՌԴ մրցակցային մարմնի ղեկավար Ի. Արտեմևը ներկայացրել է նաև, որ կան այնպիսի երևույթներ, երբ բժիշկները հիվանդներին ուղղորդում են որոշակի հիվանդանոցներ՝ անցնելու այս կամ այն հետազոտությունը: Այս դեպքում ևս վերջինները որոշակի տոկոս են ստանում`յուրաքանչյուր հիվանդի վճարած գումարից:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև դեղորայքի ոլորտի այլ մրցակցային խնդիրներ ևս: Օրինակ, ՌԴ-ում «Բրոնխոմեդ» դեղի գովազդի ժամանակ նշվել է, որ չունի հակացուցումներ, սակայն այն իրականությանը չի համապատասխանում, կամ մեկ այլ՝ «Լիսոբակտ» դեղի գովազդում նշվել է, որ այն նախատեսված է մեծահասակների և երեխաների արագ բուժման համար, սակայն այդ դեղը հակացուցված է մինչև 3 տարեկան երեխաներին:

Չի բացառվում, որ նման երևույթներ կարող են լինել նաև Հայաստանում, այդ իսկ պատճառով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն կիրականացնի այս ոլորտում՝ պարզելու, արդյոք առկա են նմանատիպ պայմանավորվածություններ բուժհաստատությունների բժիշկների և դեղատների, կամ բժիշկների և տարբեր հետազոտություններ իրականացնող լաբորատոր և ախտորոշիչ կենտրոնների միջև:

Հանդիպման ընթացքում 2 երկրների մրցակցային մարմինների ղեկավարները քննարկել են նաև ապրանքների զուգահեռ ներմուծման իրավական կարգավորմանը վերաբերող հարցեր:

 


ՀՀ ՏՄՊՊՀ