10 մլն դոլար արժողությամբ նվիրաբերություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին10 մլն դոլար արժողությամբ նվիրաբերություն` պատկերասրահին
Այսօր` «Էրեբունի-Երեւան 2795» տոնակատարության օրը Հայաստանի ազգային պատկերասրահի ճակատային հատվածում տեղադրվեց պատկերասրահի հիմնադիր Ռուբեն Դրամբյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:
Հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը Սանկտ-Պետերբուրգից Երեւան էր եկել նրա դուստրը, արվեստագետ` Իրինա Դրամբյանը: Նա դատարկ ձեռքերով չէր եկել` իր անձնական հավաքածուից պատկերասրահին նվիրաբերեց աշխարհահռչակ նկարիչ Մարկ Շագալի շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ «Ինտերիեր» ստեղծագործությունը, որը նա նկարել է 1915թ.:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի խոսքերով` այս նվիրատվությունը երեւույթ է ընդհանրապես աշխարհի բոլոր պատկերասրահների համար: Մինչ այս նվիրատվությունը, Հայաստանի Ազգային պատկերասրահն ունեցել է եւս երկու ստեղծագործություն Մարկ Շագալից:
Գնահատելով իր նվիրաբերության մշակութային արժեքը` Իրինա Դրամբյանը նշեց, որ նկարը ներկայացնում է Մարկ Շագալի մեղրամիսը: Տիկին Դրամբյանի պատմելով` Մարկ Շագալի ծնողները դեմ էին իր ամուսնությանը, քանի որ նրա սիրելին սովորական ձկնավաճառի աղջիկ էր. «Նկարում պարզ երեւում է նորապսակների երջանկությունը»:
Իրինա Դրամբյանը պատմեց նաեւ, որ իր հայրը այս ստեղծագործությունը գնել 1918թ. ցուցահանդեսներից մեկի ժամանակ անձամբ Մարկ Շագալից:
Մշակույթի փոխնախարար Արեւիկ Սամուելյանը Իրինա Դրամբյանին ՀՀ Կառավարության անունից շնորհակալություն հայտնեց եւ ընթերցեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանագիրը` պարգեւատրման մասին` «Մշակութային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի եւ երկարատեւ գործունեության համար պարգեւատրել ոսկե մեդալով»: