Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիբիրախտի մասին լուրերը չափազանցվա՞ծ են

Հասարակություն
2fcd74a4f5f6c3489905a2c9f6c9a54d

Օրեր առաջ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում գլուխ բարձրացրած սիբիրախտի մասին լուրերին Արմավիրի մարզի անասնատերերը թերահավատորեն են մոտենում։ Նրանք հայտարարում են, որ ոչ մի սիբիրախտ էլ չկա:

Անասնատերերի խոսքերով` սա պետության կողմից ստեղծած հերթական «սև» գործն է գյուղացիների դեմ: Ըստ նրանց` սիբիրախտի մասին լուրերի պատճառը ներկրված մսի սպառմանը լայն թափ հաղորդելն է` տեղականի հաշվին:

Հայանիստ համայնքի բնակիչ Մայիս Բաբաջանյանն ասում է, որ անցյալ տարվա պատմությունն ուզում են կրկնել. «Հենց գալիս ա աշնան մորթի վախտերը, որ պետք ա անասունը մորթենք, ծախենք, ասում են սիբիրախտ ա, որ չկարանանք մեր միսը ծախենք, սա մեր դեմ սարքած գործ ա»,- դժգոհում է Մայիսն ու ավելացնում, որ անցյալ տարվա հենց նույն սիբիրախտի պատճառով երինջների միսը «ջրի գնով» վաճառեց:

Սիբիրախտի մասին լուրը ծանր հարված հասցրեց նաև Համլետ Սեյրանյանին: Գյուղացին մտահոգվել է. «Էլի սիբիրախտ, անցյալ տարի էս վախտ էլ մի կով սատկեց՝ ասացին սիբիրախտ ա, ու մենք տուժեցինք»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց անասնատերը:

«3 երինջ ու 1 ցուլ ունեմ ծախու, 1 միլիոն դրամի արդեն խոտ ու կոմբիկեր եմ տվել, որ ծախեմ՝ կարողանամ տունս պահեմ, էս լուրերից հետո, էլ ոչ էլ կարամ ծախեմ, - կարծում է Համլետը:- Էդ ոնց եղավ, որ սառած մսերը լավն են, կարում են ծախեն, մեր պահած հալալ միսը սիբիրախտով վարակված ա, թե ուզում են մեր մսի գինը քցած լինեն, որ իրենցը ծախեն, սիբիրախտով կովերը մենակ աշնանը` ծախելու վախտն են հիվանդանում, գարնանն ու ամռանը չեն ընկնում», - զայրացած ասում է զրուցակիցս:

Գյուղացիները զայրացած են նաև Գյուղատնտեսության նախարարության օրերս արած այն հայտարարությունից, թե անասնագլխաքանակի աճի պատճառով մսի գինը նվազելու է: