ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատրաստ է հրապարակային քննարկումների
ՀՀ դատախազության հանրային կապերի վարչությունը տարածել է հաղորդագրություն, որում ասված է
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատրաստ է
հրապարակային քննարկումների
Նկատի ունենալով զանգվածային լրատվամիջոցների հետաքրքվածությունը ԱԺ վերջին քառօրյա նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի հնչեցրած հայտարարության, այն է` ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրելու և այդ մասին կրկին բարձրաձայնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի արձագանքին, հայտնում ենք հետևյալը.
Սույն թվականի հոկտեմբերի 1-ին, ԱԺ նիստի ժամանակ, պարոն Կոստանյանը, պատասխանելով Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի հարցին, ասել է.
< Այն բոլոր հանգամանքների մասին, որոնց վերաբերյալ Դուք հարցադրում արեցիք, ես ամբողջությամբ, բովանդակային առումով, առանձին-առանձին անդրադարձել եմ և ներկայացրել եմ իրավունքի և օրենքի տեսակետից դրանց նկատմամբ վերաբերմունքը և գնահատականը, քանի որ այդ բոլոր հարցադրումները ըստ էության փաստաբանի ներկայացրած բողոքի կետերն էին, և իմ որոշմանը ծանոթանալով, վստահ եմ, կգտնեք ձեզ հետաքրքրող հարցերի ամբողջական և սպառիչ պատասխանը:
Բայց բոլոր դեպքերում, ես բազմիցս ասել եմ և այս գործով և նախորդ գործերով. ցանկացած գործ, որտեղ կա հանրային հետաքրքրություն կամ առանց հանրային հետաքրքրության, ցանկացած անձի հետ, մասնագիտական դաշտում, հրապարակային պատրաստ եմ քննարկման և հիմա էլ հայտնում եմ, որ պարոն Փաշինյան և ցանկացածը, ով կուզենա ավելի դետալացված քննարկում ունենալ այդ գործի և ցանկացած այլ գործի առնչությամբ, ես պատրաստ եմ, միշտ>:
ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, կարևորելով հանրային վստահությունը դատախազության աշխատանքի նկատմամբ, սկզբունքորեն անհրաժեշտ է համարում աղմկահարույց, հնչեղություն ստացած քրեական գործերով հրապարակային քննարկումները, այն է` ընդունել զանգվածային լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Ազգային Ժողովի պատգամավորների և նրանց հետ տվյալ գործի վիճահարույց հանգամանքների շուրջ, մասնագիտական դաշտում, մանրամասը զրուցել, պարզաբանել, բացատրել քննարկման հանրային մասնակիցներին` իրենց հուզող հարցերի վերաբերյալ: Արդյունքների մասին կարող է լինել հանրային իրազեկում զանգվածային լրատվամիջոցներով կամ հանդիպման մասնակիցները այդ մասին կարող են հանդես գալ սեփական հայտարարություններով`այդպիսով հրապարակայնացնելով այդ քննարկումը, բացառությամբ այնպիսի տեղեկությունների հաղորդմամբ, որը ի շնորհիվ այդ քննարկման, հայտնի է դարձել իրենց, սակայն կարող է հանդիսանալ նախաքննական գաղտնիք կամ դիտվել որպես ուղղորդող կարծիք կամ ճնշում դատարանի և դատական քննության վրա:
Ուստի և հրապարակային քննարկումը դա միայն ուղիղ եթերով բանավեճ չէ, ինչպես ընկալել է պարոն Փաշինյանը, ով իր խոսքում նշում է. < Որքան հասկացա պարոն Կոստանյանի ելույթից, ինքն ինձ բանավեճի հրավիրեց: Ընդունում եմ բանավեճի հրավերը և պատրաստ եմ ուղիղ եթերում հոկտեմբերի 15-ից 25-ին ընկած ժամանակահատվածում բանավիճել>: Պարոն Կոստանյանի հայտարարության տեքստում, որը արդեն ներկայացվեց վերոշարադրյալում, ինչպես տեսնում ենք, ոչ ուղղիղ, ոչ էլ անուղղակի, խոսք անգամ չկա բանավեճի հրավերի, առավել ևս ուղիղ եթերում բանավիճելու մասին:
Դատախազի կողմից տրամադրված տեղեկատվությունը չի կարող վտանգի տակ դնել անհատների իրավունքները և օրինական շահերը, ներառյալ այնպիսի խոցելի խմբերի, ինչպիսիք են տուժողները, մեղադրյալի ընտանիքի անդամները, քրեական գործի տվյալների պաշտպանության պահանջը, գաղտնիության պարտականությունը: Հանրությանը տրամադրված տեղեկատվությունը չպետք է վնասի նախաքննության նպատակին: Այն չպետք է ոտնահարի ոչ երրորդ կողմի, ոչ էլ քննության այլ մասնակիցների իրավունքները: Դա չպետք է ազդեցություն ունենա նախաքննության արդյուքների վրա: Տեղեկատվության տրամադրումը չպետք է վտանգի վկաների և ընդհանրապես վարույթի մասնակիցների անվտանգությունը: Հավասարակշռություն պետք է ապահովվի անմեղության կանխավարկածի, հանրության տեղեկացված լինելու իրավունքի և անձանց արժանապատվությունն ու հեղինակությունը ապահովելու միջև: Դատական քննության փուլում, մասնակիցները անկախ իրենց դերից, ունեն իրենց հեղինակության և արժանապատվության, անձնական և ընտանեական կյանքի, անձնական անվտանգության հարգելու իրավունք:
ՀՀ գլխավոր դատախազությունը կարևորում է հանրության տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև <Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների> պաշտպանության մասին եվրոպական կոնվեցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված արտահայտվելու ազատությունը, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է համարում հավասարակշռության պահպանումը մամուլի ազատության և Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածներով երաշխավորված արդար դատաքննության, անձնական և ընտանեկան կյանքի հարգման իրավունքների միջև:
ՀՀ գլխավոր դատախազ պարոն Կոստանյանի հայտարարությունը հրապարակային քննարկումների վերաբերյալ մշտապես ուժի մեջ է, եթե քննարկման կողմերի համար ընդունելի են մարդու իրավունքների և հիմնական ազատությունների, օրինական շահերի հավասարակշռման երաշխիքները, որոնցով այդ իրավունքների իրականացումը կարող է սահմանափակվել օրենքով սահմանված կարգով, ժողովրդավարական սկզբուքներով, այն չափով որը անհրաժեշտ է և համապատասխանում է սահմանափակման նպատակին:
Վերահաստատելով իր դիրքորոշումը, ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, պատրաստ է ընդունել ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանին և վերջինիս հետաքրքրող հարցերի շուրջ քննարկում ունենալ նրա հետ:
ՀՀ դատախազության հանրային կապերի վարչություն