840 միլիոն մարդ ամեն օր սննդի պակաս է զգում
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրենը ուղերձ է հղել Պարենի համաշխարհային օրվա առթիվ, որտեղ մասնավորապես ասվում է. «Մեծագույն անհաջողությունն այն է, որ չնայած սննդի առատ պաշարներին, երկրի ավելի քան 7 միլիարդ ազգաբնակչության ավելի քան կեսի առողջությունը վտանգված է թերսնման կամ գերսնման պատճառով: Դեռևս երեք տարի առաջ սովի վտանգը ստիպեց միլիոնավոր սոմալիացիների լքել իրենց տները՝ սնունդ հայթայթելու նպատակով, և ըստ տվյալների՝ մոտ 260,000 մարդ, մեծամասնությունը՝ երեխաներ, մահացան սովից: Սա թերևս զարհուրելի հիշեցում է այն մասին, որ սննդի համաշխարհային շուկան գործում է նրանց համար, ովքեր վճարունակ են, սակայն չի արձագանքում չքավորների կարիքներին:
Անգամ մեր օրերում, մոտ 840 միլիոն մարդ ամեն օր սննդի պակաս է զգում, որի արդյունքում նրանք զրկվում են աշխատունակությունից, նրանց երեխաները թերզարգացած են մնում, հակված են հիվանդությունների, ինչն էլ հանգեցնում է մանկական մահացության սրընթաց աճի: Մոտ երկու միլիարդ մարդ ունի թերսնման խնդիր: Գծապատկերի հակառակ բևեռում են 1.5 միլիարդ մարդիկ, որոնք տառապում են ավելորդ քաշից կամ ճարպակալումից, և որոնք ավելի շատ սնունդ են սպառում, քան անհրաժեշտ է նորմալ կենսագործունեության համար, այդպիսով վտանգելով իրենց առողջությունը, առաջացնելով դիաբետի, սրտանոթային և այլ հիվանդությունների վտանգ: