«Հայ ազգի մեջ սերմանվում է այլասերություն»
Այս պահին քաղաքապետարանից դեպի կառավարություն է շարժվում «Ընդդեմ գենդերային այլասերման» ֆեյսբուքյան նախաձեռնության կողմից կազմակերպված երթը։
Նրանք նամակ են հանձնելու վարչապետին՝ մի շարք պահանջներով, որոնցից առաջինը «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը չեղյալ համարելն է։
Նախաձեռնության անդամ Արման Մխիթարյանը պնդում է, որ այս օրենքն իրականում այլասերման միտում ունի, քանի որ օրենքի անունը չի համապատասխանում օրենքի դրույթներին. «Իրականում այս օրենքը տարածելով՝ հայ ազգի մեջ սերմանում են այլասերություն, որովհետեւ գենդերային հավասարություն նշանակում է սեռերի հավասարություն, այսինքն՝ նրանք այսկերպ հնարավորություն են տալիս նաեւ համասեռամոլներին լինել ազատ ու անգամ երեխա որդեգրել»։
«Ա1+»-ի հարցին, թե արդյոք խնդիրը «գենդեր» բառի մե՞ջ է, ի՞նչ վատ բան կա կանանց եւ տղամարդկանց հավասարության մեջ, Արման Մխիթարյանը պատասխանեց, որ ՀՀ Սահմանադրությամբ մարդկանց իրավունքների հավասարությունն արդեն իսկ նշված է, կանայք ու տղամարդիկ արդեն իսկ հավասար են, ու դա էլ է փաստում, որ այս նոր օրենքն այլ միտում ունի
։