«Խորը համագործակցություն չի լինի»
Զորի Բալայանի նամակը, բացի հայերից եւ ադրբեջանցիներից, ոչ- ոքի չի հետաքրքրում, այն փուչ կրակոց էր՝ համոզված է «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փորձագետը նաեւ պարզաբանեց, թե ինչու նամակը մեծ հնչեղություն ստացավ. «Ուղղակի այն համընկավ Ասոցացման եւ ՄՄ անդամակցման պրոցեսի հետ։ Եթե մենք տեսենք, թե ով է քննադատում եւ ով է կողմ, մենք կտեսնենք, որ հիմնականում քննադատում են ԵՄ հետ ասոցացման կողմնակիցները»։
Նրա խոսքերով՝ դեռ խորհրդային տարիներից Զորի Բալայանը սովորություն է ունեցել վերեւներին նամակ գրելու եւ այս դեպքը բացառություն չէ։
Անդրադառնալով ՄՄ-ին անդամակցելուց հետո հայ-վրացական հարաբերություններին եւ ապրանքների գների հնարավոր բարձրացմանը, փորձագետը նշեց, որ միայն ֆորմատից է կախված՝ կբարձրանա՞ն արդյոք ներմուծվող ապրանքների գները, թե՞ ոչ։
Այսօրվա դրությամբ կարծիք կա, որ շատ խորը համագործակցություն չի լինելու, այլ՝ Բելառուսիայի նման. «Ուրեմն շատ չի ազդի, իսկ եթե նույն կարգը սկսեց գործել, դա կբերի ապրանքների թանկացման, բայց իմ կարծիքով դա այդքան էլ հավանական չէ։ Նույնիսկ ռուս փորձագետներն են ասում, որ դրա հավանականությունը շատ քիչ է»,- ասաց նա։
Ի դեպ, փորձագետ Հրանտ Միքայելյանը համոզված է, որ հայ-վրացական հարաբերությունները կպահպանվեն նույն մակարդակով։