Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գենետիկորեն ձեւափոխված սննդամթերք չենք ներկրում

Պաշտոնական
8490b42a45357fd1cab9ad027fd5238d


ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետության էկոնոմիկայի և պետական ֆինանսների նախարարության արտաքին առևտրի քարտուղար Բեատրիս Պագլիերիին:


Շեշտադրելով երկու երկրների փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ կողմերը գյուղատնտեսության բնագավառում նախանշել են երկուստեք շահավետ համագործակցության նոր ուղիներ. մասնավորապես ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ երկու պետությունների միջեւ ստորագրվել է համագործակցության պայմանագիր:

Արգենտինայի Էկոնոմիկայի և պետական ֆինանսների նախարարության արտաքին առևտրի քարտուղարն ի պատասխան ասել է. «Մեր նպատակներն ու ցանկությունները նույնն են: Մենք շատ ենք կարեւորում գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը եւ առաջարկում ենք կազմել աշխատանքային ծրագիր՝ մեր ցանկություններին գործնական տեսք հաղորդելու նպատակով»: Նախարարը ողջունել է համագործակցության առավել լայն ձեւաչափերի անցնելու առաջարկը, սակայն նշել է, որ մեր երկիրն ունի սննդամթերքի անվտանգության հստակ չափորոշիչներ եւ չի ներկրում գենետիկորեն ձեւափոխված սննդամթերք: Նախարարն ասել է նաեւ, որ իրատեսական է համարում համագործակցությունը անասնաբուծության, սերմնաբուծության մի շարք ճյուղերում. «Մենք հպարտությամբ ենք տալիս արգենտինահայ մեր հայրենակից Էդուարդո Էռնեկյանի անունը, ով թե՛ Հայաստանում, թե՛ Արգենտինայում իրականացնում է խոշորածավալ ծրագրեր, եւ կարող է կամուրջ հանդիսանալ Հայ-Արգենտինական բարեկամության եւ փոխգործակցության համար»:

ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժին