Է. Միլիտոնյանին համոզել են, որ դնի թեկնածությունը (տեսանյութ)
«Ես մրցակցության մեջ չեմ»,- ասում է Գրողների միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, նախագահի թեկնածու Էդվարդ Միլիտոնյանը՝ ԳՄ նախագահի ընտրություններին ընդառաջ։
Հոկտեմբերի 20-ին՝ Գրողների միության արտահերթ համագումարի ժամանակ, հայտնի կլինի գրողների միության նոր նախագահի անունը։ Նախագահի աթոռի համար պայքարում են նաև ԳՄ անդամներ Դավիթ Սարգսյանն ու Հովիկ Հովեյանը։
«Ես որևէ մեկին մրցակից չեմ համարում, ոչ էլ կուզեի նրանք ինձ մրցակից համարեին։ Ես, որ եկել եմ գրականություն՝ գրքեր եմ գրել։ Ես սպորտի մեծ սիրահար եմ, բայց սա սպորտ չէ։ Էստեղ մարդիկ, գրողները պետք է գնահատեն տարիների վաստակը»,- ասում է Միլիտոնյանը։
Էդվարդ Միլիտոնյանը չի ցանկանում այս պահին խոսել իր շանսերի մասին, սակայն մեկ բանում վստահ է՝ իր համախոհների բանակը հսկայական է։
«Այո, կարելի է ասել բանակ է։ Իմ համախոհներն են ինձ դրդել շարունակել այն գործը, որ Լևոն Անանյանի հետ ես արել եմ 9 տարի, որպես քարտուղար, որպես համահայկական գրական հիմնադրամի համատեղությամբ նաև տնօրեն։ Իմ գրական ընկերները՝ ավագ, միջին և երիտասարդ, ինձ համոզել են, առաջարկել են դնել իմ թեկնածությունը»։
Պարոն Միլիտոնյանը չի ընդունում այն կարծիքը, որ գրողների միության նախագահը պետք է գրող չլինի, որպեսզի կարողանա ղեկավարել կառույցը։
«Եթե Ավետիք Իսահակյանին այդ հարցը տայիք, նա գրողների միության նախագահ եղել է, նրա դեմքին ժպիտ կառաջանար։ Որևէ ստեղծագործական միավորման նախագահ, չմոռանանք, որ սա ստեղծագործական միություն է, պետք է անպայմանորեն այդ միության ներքին հարցերի խորագիտակ լինի, ստեղծագործական հարցերի բանիմաց լինի, հասկանա՝ ինչ բան է ստեղծագործությունը և ունենա գեղարվեստական չափանիշների իր դավանանքը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց էդվարդ Միլիտոնյանը։