Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ով ԳՄ չի ուզում, թող վայր դնի անդամատոմսը»

Հասարակություն
7ca9244033a6c92c233eb85e02999643

Վերջին յոթ տարիների ընթացքում միայն հոբելյանական առիթներով Գրողների միություն ոտք դրած Գրողների միության նախագահի թեկնածու, Մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը համոզված է՝ Գրողների միությունը պետք է մեր հասարակությանը։


«Այս կառույցը նոր չէ, որ հավաստել է իր գոյության անհրաժեշտությունը։ Հիմա ես պետք չէ, որ փաստարկներ բերեմ պատմությունից, մեր օրընթացից, որ այո՝ Հայաստանի գրողների միությունը պետք է։ Այն գրողները, որոնք գտնում են, որ պետք չէ, կարող են վայր դնել իրենց անդամատոմսերը։ Թող բացեն, թող ստեղծեն, թող իրականացնեն իրենց ծրագրերը զանազան գրական ակումբներում, միություններում, սրճարաններում։ Մարդիկ, ովքեր չեն ընդունում գրողների միության այսպես ասած՝ գաղափարական, գեղարվեստական, տարածքային իմաստն ու նշանակությունը, ինչու՞ են անդամագրված մնում, ինչու՞։ Այս հարցը իրենք իրենց ինչո՞ւ չեն տալիս»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանը։

Ճարտարապետաշինարարական համալսարանի լեզուների ամբիոնի դասախոս, Ազգային գրադարանի նախկին տնօրեն, Գրողների միության նախագահի թեկնածու Դավիթ Սարգսյանը համակարծիք է իր գրչակից ընկերոջ հետ. Գրողների միությունը անհրաժեշտ կառույց է։ Ինչ վերաբերում է գրողների միության նախագահի ընտրություններին, ապա նրա կարծիքով՝ հոկտեմբերի 20-ի ընտրությունները թեժ են լինելու։


«Ես կուզենայի, որպեսզի քաղաքակիրթ լիներ, որովհետև գրողներին նայում է ժողովուրդը՝ որքան էլ, որ վարկանիշը ցածր է։ Ժողովուրդը սպասում է գրողի խոսքին։ Գրողների միության նախագահը եթե ցանկանում է ծառայել, ոչ թե տեր լինել առանց ծառայելու, ապա դա լուրջ, պատասխանատու և դժվարին աշխատանք է, մանավանդ՝ գրողների հետ, որոնցից յուրաքանչյուրն անհատականություն է»,-նշեց Դավիթ Սարգսյանը։