Հանդիպում նախագահական նստավայրում
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի մասնակիցներին:
Ընդգծվել է, որ Հայաստանը, ինչպես և համաժողովի մասնակից երկրները, նպատակ ունի ձևավորելու եվրոպական չափանիշներին համապատասխան կրթական տարածք, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս խթանելու գիտելիքահենք հասարակության ձևավորումը, առանց որի, ըստ Սերժ Սարգսյանի, դժվար է պատկերացնել տնտեսական և սոցիալական զարգացում:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց երկրներում կրթության և գիտության ոլորտում առկա վիճակը, իրականացված բարեփոխումները, խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ իրենց պատկերացումները: Նրանք բարձր են գնահատել Հայաստանում անցկացվող համաժողովը՝ ընդգծելով, որ մասնակիցների համար այն օգտակար է եղել կրթության և գիտության ոլորտի արդի խնդիրները քննարկելու, դրանց լուծման նկատմամբ համատեղ մոտեցումներ ձևավորելու և փորձի փոխանակման տեսանկյունից: