Լրացուցիչ ցուցմունք՝ Հարսնաքարի գործով
«Հարսնաքարի գործով տուժող Էդգար Նիկոյանը ոչ արժանահավատ ցուցմունքներ է տալիս»,- այսօր դատավարության ընթացքում հայտարարեց ամբաստանյալ Արման Խաչատրյանը։ «Էդգար Նիկոյանը Վահե Ավետյանի անմիջական հարազատն է, եւ հնարավոր է՝ նրա տան անդամներն էլ ճնշած լինեն, որ գա այսպես ասի»։
Նա նաեւ պարզաբանեց, թե ինչու է տուժողը նախաքննության եւ դատաքննության ընթացքում փոխել իր ցուցմունքները։
«Ասել է այն, ինչ ճիշտն է, հետո իմանալով, որ տեսախցիկները չեն արձանագրել, ասում է այն, ինչ իրենց է պետք։ Բոլորին էլ հայտնի է, որ սցենար է գծվել, որ բոլորին էլ մեղադրեն նույն բանի մեջ»,- դատարանում այսպիսի հայտարարություն արեց Արման Խաչատրյանը։
Ինչեւէ, Էդգար Նիկոյանը նշեց, որ դատաքննության ընթացքում հիմնավոր ցուցմունք է տվել եւ ավելացնելու ոչինչ չունի։ Տուժողը միայն նշեց, որ իր տեսադաշտում եղած մարդիկ եղել են շարժման մեջ, բայց թե ինչ գործողություն են արել, չի կարող ասել։
Հիշեցնենք, որ Հարսնաքարի գործը շրջադարձ ապրեց, երբ ամբաստանյալներից Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանն ու Նորայր Հայրապետյանը հայտարարեցին, թե 2012 թ հունիսի 17-ին յուրաքանչյուրը մեկ ռազմական բժշկի է ծեծել։ Իսկ Վահե Ավետյանն էլ մահացել է ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի ծեծի արդյունքում։
Դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 25-ին, որտեղ կհարցաքննվեն լրացուցիչ դատակոչված մյուս տուժողները։