Համագործակցություն Համաշխարհային բանկի հետ
Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագրի արդյունքում Երևանի քաղաքապետարանն ունի օբյեկտիվորեն գնահատված ֆինանսական համակարգ։
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Համաշխարհային բանկի անմիջական և գործնական աջակցությամբ ու օժանդակությամբ քաղաքապետարանի ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության գնահատման արդյունքների ամփոփման աշխատաժողովը։
Քաղաքապետարանի հանրային ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության վերլուծությունն (PEFA) իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի ֆինանսական կառավարման համակարգի գնահատման առաջին փորձն է։
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Երևանի քաղաքապետի անունից
շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափփիին համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափփին ընդգծել է. «Մայրաքաղաք Երևանն իր դերակատարմամբ բացառիկ նշանակություն ունի Հայաստանի ընդհանուր կառավարման համակարգում, քանզի այստեղ են կենտրոնացած երկրի բնակչության և տնտեսվարողների հիմնական և որոշիչ մասը: Իրականացված ծրագրի նպատակը PEFA-ի կատարողական ցուցանիշների չափման շրջանակում Երևան համայնքի ֆինանսական հաշվետվողականության գնահատումն էր, նրա ուժեղ և թույլ կողմերի վերհանումը, վերլուծությունը։
Այս գնահատականները կարող են ծառայել որպես կարևոր գործիք՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան բարեփոխումների համար»։
Համագործակցության արդյունքում կողմերն ակնկալում են, որ բանկը կստանձնի Երևանի քաղաքապետարանի համար կարևոր այս բարեփոխումների աջակցության առաջատարի դերը և բացի բանկի ուղղակի և գործնական մասնակցությունից, այս կարևոր գործընթացի շուրջ կհամախմբվեն նաև այլ շահագրգիռ կազմակերպություններ, որոնց օժանդակությամբ Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ կլինի հաջորդ՝ բարեփոխումների գործնական իրականացման փուլին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն