Մարսելի քաղաքապետը՝ նախագահականում
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը:
Սերժ Սարգսյանը ողջունել է պատվիրակության անդամներին և երկկողմ կապերի շարունակական զարգացման ու ամրապնդման գործում կարևորել տարբեր մակարդակի փոխայցելությունները: Այդ համատեքստում զրուցակիցները երկուստեք ջերմությամբ են հիշել 2011թ. ՍերԺ Սարգսյանի Մարսել կատարած այցը և գոհունակությամբ փաստել, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը, որը հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամական սերտ կապերի վրա, շարունակաբար զարգանում է գրեթե բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային:
Ժան-Կլոդ Գոդենը նշել է, որ իր ղեկավարած պատվիրակության կազմում ընդգրկված են նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչը վստահաբար կնպաստի հայ-ֆրանսիական գործարար նոր կապերի հաստատմանն ու Հայաստանում ֆրանսիական ներդրումների խրախուսմանը:
Հանդիպմանը Ժան-Կլոդ Գոդենը ողջունել է նաև Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հիմնումը:
ՀՀ նախագահի աշխատակազմ