Համագործակցություն իսպանացիների հետ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Universal Global lngistics» ընկերության ներկայացուցիչներ Ռաուլ Խիրոնին և Անտոնո Ասերոյին:
Վերոնշյալ ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական մթերքների արտահանման լոգիստիկայով , մասնավորապես, բերքի երկարատև պահպանման, փաթեթավորման և տեղափոխման հարցերով:
Ընկերությունը ցանկանում է իր գործունեությունը ծավալել նաև Հայաստանում` հաշվի առնելով առկա ներուժը:
Նախարարը ողջունել է հյուրերին և նշել է, որ իրենց ընտրությունը միանգամայն իրատեսական է, քանի որ Հայաստանն ունի պտուղ-բանջարեղենի արտադրության ծավալները կրկնապատկելու հնարավորություն: Այդ ամենի վկայությունն է Հայաստանում արդեն իսկ գործող «Հայկական միրգ» ծրագիրը, որի շնորհիվ մոտ ապագայում կարտադրվի արտահանման ենթակա պտուղ:
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ուսումնասիրում են հայկական շուկան ու հնարավորությունները և բաց են համագործակցության համար:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել իսպանացի գործարարներին:
ՀՀ Գյուղնախարարություն