Վարչապետը՝ Գեղարքունիքում
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում մասնակցել է Վարդենիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում՝ ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և բնակչությանը մատուցվելիք ծառայություններին: Ընդհանուր առմամբ, մեկ պատուհանի սկզբունքով կենտրոնը սպասարկելու է 36 համայնքի, 12 հազար բնակչի: Իրականացվել է նաև կենտրոնի սոցիալական աշխատողների վերապատրաստում:
ՀՀ կառավարության որոշմամբ 2012 թ. հաստատվել է ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը, որի իրականացման համար նախատեսվում է ստեղծել 50-ից ավելի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:
Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման արդյունքում կձևավորվի մեկ միասնական պետական մարմին, որը կիրականացնի բոլոր տիպի կենսաթոշակների, նպաստների նշանակման և վճարման աշխատանքները:
Այնուհետև Տիգրան Սարգսյանն այցելել է Վաղաշեն համայնք` ներկա գտնվել տեղի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը: 800 աշակերտի համար նախատեսված դպրոցը բաղկացած է 4 մասնաշենքերից: Դպրոցը շահագործման է հանձնվում ներքին և արտաքին հարդարմամբ, ջեռուցման և կոյուղու համակարգերով: Դպրոցի կառուցման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 830 մլն դրամ: Ներկայում կառավարությունը Գեղարքունիքի մարզում իրականացնում է 10 կրթական օբյեկտի շինարարություն, որոնցից 4-ը շահագործման կհանձնվեն այս տարի: Մեծ ուշադրություն է դարձվում հատկապես օբյեկտների սեյսմակայունության ապահովմանը:
2014 թվականին նախատեսվում է նաև վերանորոգել Գավառի թատրոնը և Գետաշենի մանկապարտեզը:
ՀՀ կառավարություն