Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Այվազյանը պատասխանում է ՊԵԿ-ի փոխարեն

Տնտեսություն
42ba86a1d4dfb65a16b6ebcacabe00d4

Արդյոք 70 մլրդ դրամով 2013թ. պետական բյուջեն թերակատարվե՞լ է: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այս հարցին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի փոխարեն արձագանքեց. «Ճիշտ չէ, դա անցանք»:

Արամ Մանուկյանը շարունակեց իր հարցերն ու դիտարկումները՝ նախ հետաքրքրվելով, թե ուր է անձամբ ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ապա ավելացրեց, որ ՊԵԿ-ի վարած քաղաքականությունը չքաղաքականություն է. «Ձեզ մոտ ես ամենեւին մտահոգություն չեմ տեսնում՝ երկրում տնտեսական քաղաքականության ուղղությամբ ու չեմ տեսնում, թե ինչպես եք դեմն առնելու առկա մարտահրավերների:

60 տոկոս ներդրումների անկում ունենք, որը ազդելու է ձեր հարկահավաքության վրա: Եթե նախորդ տարի կոռուպցիայի ընկալման 52 ցուցանիշն ունեինք, ապա այս տարի այդ թիվը դարձել է 74 տոկոս, ընդ որում՝ կոռուպցիայի գերակշիռ մասը կառավարությունում է: Այս դեպում ինչպե՞ս եք դինամիկ աճ ապահովելու հարկերի հավաքագրման ուղղությամբ»:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը հայտարարեց, որ 14 տարի է՝ ինքն է պետական բյուջեների քննարկումներին ներկայացրել հարկերն ու եկամուտները ու, ըստ այդմ էլ, նորություն չէ, որ անձամբ Գագիկ Խաչատրյանը ներկա չէ:

«Ինչ վերաբերում է բյուջեի թերակատարմանը, ապա նման բան չկա: Իսկ օրենսդրական փոփոխություններն էլ բնավ էլ աննպատակ չեն. երբ մի օրենքում «երկու» բառը փոխարինվում է մեկ բառով, եւ դա պատիկն է, ապա այստեղ որեւէ սարսափելի փոփոխություն տեղի չի ունեցել: ԱՄՆ-ում ավելի շատ են օրենսդրական փոփոխություն անում՝ ավտոմատացնում մանավանդ ծրագրային լեզուն:

Հարկ վճարողների կյանքը վատացնելու փոփոխություններ չենք արել: Կարծում եմ՝ լավագույն տարբերակն այն է, որ նոր օրենսգիրք ստեղծենք, այլ ոչ թե հաճախակի փոփոխություններ անենք»,- ասաց Ալավերդյանը:

Արամ Մանուկյանը նկատեց, որ այդ դեպքում ՊԵԿ-ը վեց ամսից շուտ որեւէ փոփոխություն չանի. «Թե չէ՝ հինգ տարվա մեջ հարյուր հիսուն անգամ օրենսդրության մեջ մտնելը նորմալ չէ ձեր խմբով: Կարող եք չարձագանքել ասածիս»: «Ես չեմ կարող չարձագանքել, ես ինքս իմ մեջ հազիվ եմ զսպել՝ մենք խումբ չենք, այլ թիմ ենք, որը ապահովում է բյուջեի եկամտային մասը: Ես ձեզ բերել էի ներկայացնելու մաքսային օրենսգիրքը, սակայն դուք ժամանակ չունեք լսելու այն»: