Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՄ մտնելով՝ ռուսական ավտոմեքենանե՞ր կքշենք

Տնտեսություն
3b7d88a1007f330f8026bb02afcafa3b

ՄՄ անդամակցումն ի՞նչ կարող է փոխել մեր մաքսային համակարգում: Դրակա՞ն, թե՞ բացասական հետեւանքներ կարող է այն ունենալ հատկապես մեր ներկրողների վրա՝ դեռ անհայտ է: Տնտեսագետների մտավախությունը միայն եվրոպական ապրանքների ներկրող ընկերությունների մրցունակության խնդիրն է:

Ինչ կփոխի ՄՄ անդամակցումը մեր երկրի մաքսակետերում եւ հատկապես մաքսատուրքերի հարցում: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նկատում է` այժմ արդեն մեր մաքսակետերում իրավիճակն անմխիթար է, իսկ ՄՄ-ն ավելի կխորացնի խնդիրները: Ըստ նրա` ՄՄ մտնելով մենք 180 աստիճանով փոխում ենք մեր արտաքին ապրանքաշրջանառության հարկման մեխանիզմը. «Մենք հիմա հայտնվելու ենք մեկ այլ տեղ, որտեղ շուկան պահպանվում է մաքսադրույքաչափերով, որոնք առանձին ապրանքատեսակների դեպքում հասնում է մինչեւ 60-80 տոկոս: Եթե մենք լինեինք Եմ անդամ, ապա մեր հիմնական չափորոշիչը լինում էր որակը, եվրոպական շուկայում երբեւիցե մաքսային դրույքաչափերով սահմանը չեն փակում»:

Տնտեսագետը տեղեկացնում է` մաքսային աշխատողներն ապրանքը պարտավոր են մաքսազերծել միայն ըստ ձեռք բերման փաստաթղթերի, սակայն դրսեւորում են նաեւ սուբյեկտիվ մոտեցում, որը, ըստ օրենքի, պետք է լիներ միայն բացառիկ դեպքերում: Դա առավել ցայտուն է դառնում ներկրված ավտոմեքենայի մաքսազերծման ժամանակ. «Չեք էլ պատկերացնի, թե ինչ է սպասվում այդ ավտոմեքենան մաքսազերծելու ժամանակ, քանի որ հստակ մեխանիզմ չի աշխատում. մեքենան ինչ ձեւի է, ներսում մագնիտաֆոն կա, թե ոչ, կաշվից է նստատեղերը, թե կտորից է»:

Նույն այս սուբյեկտիվ մոտեցումը ավելի բացասական դրսեւորումներով, ըստ տնտեսագետի, ավելի կխորանա ՄՄ անդամակցելիս: Դա հատկապես վատ կանդրադառնա ԵՄ-ից ներկրվող ապրանքների վրա. «Չի բացառվում, որ այդ ապրանքները մեր շուկայից կամ վերանան կամ կրճատվեն»:

Գերմանիայից ատամի խնամքի պարագաներ ներմուծող «Անտվերպեն» ընկերության տնօրենը եւս խոստովանում է` ՄՄ մտնելով իրենք լուրջ խնդիրների առաջ են կանգնում: Ըստ ընկերության տնօրեն Սմբատ Մարտիրոսյանի` իրենց դժվար կլինի դիմակայել ՄՄ անդամ երկրների ապրանքների մրցակցությանը. «Իրենց մոտ հարկերը քիչ կլինեն, մեզ մոտ կավելանան, ինքնարժեքը կթանկանա, հետեւաբար մեզ մոտ մի քիչ մրցունակությունը կընկնի»:
«Անտվերպեն» ընկերությունն այժմ բացի ԱԱՀ-ից, ատամի խոզանակի համար վճարում է 32 տոկոս, իսկ մածուկի համար` 20 տոկոս մաքսատուրք: ՄՄ մտնելով եւ բարձր մաքսատուրքերով բիզնես անելով՝ պարոն Մարտիրոսյանը կարծում է, որ միանշանակ կորուստներ են ունենալու. «Այդ դեպքում լինելու է վաճառքի նվազում, պետք է հիմա մտածել նոր սխեմաներ, նոր մարքեթինգային մոտեցումներ, որոնք գոնե կբերեին մրցակցության դիմակայության»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն իր կողմից վստահեցնում է` ՄՄ մտնելով` եվրոպական ապրանքների վրա մաքսատուրքերի ավելացում անխուսափելի է, որն էլ իր հերթին կբերի շուկայի բազմազանության սահմանափակմանը: Նա բերում է ՄՄ անդամ Ղազախստանի օրինակը, որտեղ ժամանակին գերակշռում էին եվրոպական ավտոմեքենաները, իսկ այժմ` պատկերը միօրինակ` գրեթե բոլորը ռուսական մակնիշի ավտոմեքենաներ են. «Մենք կտեսնենք, որ շատ արագ մեզ մոտ նորից կհայտնվեն նույն ժիգուլիների կամ վոլգայի տեսականիները, իհարկե, մենք այստեղ հնարավորություն կունենանք ՌԴ-ում արտադրված Տոյոտաներ կամ Մերսեդեսներ տեսնել, սակայն դրանք ռուսական արտադրության կլինեն»: