Ո՞ւմ բիզնեսի համար են վարկ բերում ՀԲ-ից
2014 թվականին Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 200 մլն դոլար վարկային ներդրում՝ մեր երկրում արեւային էներգետիկան զարգացնելու համար։
Այս մասին այսօր հայտարարեց տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը: Պարոն Համազասպյանը, սակայն, հավելեց, որ այդ վարկերն արդեն ուշացած են. «Դրա կարիքը մենք էլ չունենք, թող զրպարտություն չհնչի, բայց ես արդեն գիտեմ՝ ինչ նպատակով են բերում, ովքեր են զբաղվելու այդ բիզնեսով, այսինքն` այդ ոլորտը կառավարության որոշ անդամներ հարմար «բիզնեսացու» են սարքում իրենց համար»,- հայտարարեց նա։
Ցանկացած ներդրում ստանալու համար անհրաժեշտ է կառավարության համաձայնությունը, իսկ մասնավոր դեպքերում գործադիրը այն չի տալիս՝ վստահեցնում է Վահան Համազասպյանը ու հենց իր օրինակը բերում. «Շվեյցարիայից հենց իմ անունով ուղարկում էին 100,000 եվրո, որպեսզի Սպիտակում արեւային էներգիայի դաշտ կառուցեինք։ Արդեն մեկ տարի է անցել, բայց կառավարությունը թույլտվություն դեռ չի տվել»,- հայտարարեց նա։