Վարչապետը՝ կուտակային համակարգի մասին
Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ հունվարի 1-ից մենք անցնելու ենք կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը: Նա հայտնել է, որ շուրջ 10 տարի նախապատրաստական աշխատանքներ են տարվել այս ուղղությամբ։
Տեղի են ունեցել բուռն քննարկումներ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ երկու անգամ ընդլայնված խորհրդակցություն է տեղի ունեցել, որոնց հրավիրվել են Ազգային ժողովի պատգամավորները, մասնագետներ, տրվել են լրացուցիչ հանձնարարականներ: Բոլոր շահագրգիռ կողմերը ստացել են իրենց հետաքրքրող և մտահոգող հարցերի պատասխանները, որոնց արդյունքում էլ Ազգային ժողովն ընդունել է մի օրենսդրական փաթեթ:
«Քանի որ մինչև հունվարի 1-ը մնացել է բավական քիչ ժամանակ, անհրաժեշտ է, որպեսզի այս բարեփոխման համար մեր պատասխանատուներն այս ժամանակահատվածում ակտիվ լինեն և ԶԼՄ-ների միջոցով կարողանան անհրաժեշտ տեղեկություն տրամադրել մեր քաղաքացիներին և առաջին հերթին նրանց, ովքեր հունվարի 1-ից մասնակցելու են կուտակային համակարգի վճարումներին:
Հասկանալի է, որ այս մեկ ամսվա ընթացքում, երբ որ սկսելու են աշխատել նաև Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից գրանցված հիմնադրամները, որոնք սպասարկելու են մեր քաղաքացիներին և կառավարելու են նրանց խնայողությունները, անհրաժեշտ է, որպեսզի շատ առարկայական հարցերի պատասխաններ տանք մեր քաղաքացիներին, թե հունվարի 1-ից հետո նրանք ինչպես են իրականացնելու այդ գործառույթը:
Առաջին հերթին սա վերաբերում է ՀՀ ֆինանսների նախարարությանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, էկոնոմիկայի նախարարությանը և Կենտրոնական բանկին: Այս կառույցների մասնագետներն ավելի մեծ ժամանակ պետք է տրամադրեն ԶԼՄ-ների հետ շփվելուն, որպեսզի մենք բոլոր հարցերի սպառիչ պատասխանները կարողանանք տալ մեր քաղաքացիներին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Հիշեցնենք, նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստ կգումարվի, որի համար երեկ հավաքվել են անհրաժեշտ 44 ստորագրությունները։ Օրակարգում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում, փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն է։