Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կաղ ու թոփալ բյուջե ունենք» (տեսանյութ)

Տնտեսություն
7d1d7b85b59c1a701c3a0ba0c289117e

2014թ. պետական բյուջեն ենթադրական բյուջե է: Այս համոզմանն է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, որը այսօր պետական բյուջեի քննարկմանը, հարց ուղղելով ԱԺ Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանին, նկատեց, որ այս բյուջեն գրվել է քաղաքական լրիվ այլ կոնյուկտուրաներում. «Գրվել է այն ժամանակ, երբ ՄՄ մտնելու որոշում դեռ չէր կայացվել ու հետեւաբար հաշվի չեն առնվել մեր եկամուտների առումով ցուցանիշները:

ՄՄ մտնելով մենք այլեւս չենք կարողանալու ձեռք բերել այն, ինչ ցանկանում ենք, այլ մեզ դեմ կտան այն, ինչ իրենք են ուզում»:

Պարոն Արզումանյանին հետաքրքրում էր նաեւ, թե որն է մեր վստահությունը, որ ԵՄ-ից եկող սպասելիքները ամբողջ ծավալով լինելու են 2014թ.-ին ու սեկվեստոր չի լինելու. «Մեկ-երկու ամսվա մեջ ափալ-թափալ փոփոխություններ անել օրենսդրության մեջ՝ անընդունելի»:
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ հայտնեց իր մտահոգությունն այն մասին, որ Գագիկ Մինասյանը կողմ է քվեարկում այս բյուջեին, սակայն այն չունի եկամուտներ. «Ամբողջ բյուջեում ընդամենը վեց տող են եկամուտները, եթե այլ տող կա, եկեք ասեք: Դուք մեղավոր եք սրա համար, քանի որ բյուջեն թոփալ է, կաղ է սրանով: Ինչպես կարելի է չունենալ բյուջե ու ունենա ՏԻՄ: Ո՞ւր են բյուջեի եկամուտները»:

Գագիկ Մինասյանը համամիտ չէ պարոն Բագրատյանի հետ. «Ես չեմ գտել որեւէ պրոբլեմ այդ օրենքում: Եթե դուք ունեք խնդիրներ, ապա ես պատրաստ եմ դրանք ձեզ հետ քննարկելու»: Մինչդեռ Հրանտ Բագրատյանը պարոն Մինասյանի խոսքերում գտավ իր հարցի պատասխանը եւ շնորհակալություն հայտնեց նրան. «Շնորհակալ եմ ձեզ, որ ազնվորեն ասում եք, որ Սահմանադրության համապատասխան կետը չի կատարվում, որի արդյունքում ՏԻՄ-ը բյուջե չունի»:

«Պարոն Բագրատյան, դուք ինձ անակնկալի եք բերում. մի՞թե դուք դա եք հասկացել իմ խոսքերից: Իհարկե, Սահմանադրության այդ կետը կատարում ենք»,- ասաց Գագիկ Մինասյանը: