Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Բագրատյանի դիտողությունները կառավարությանը

Տնտեսություն
86e7a5dbc03d920eb831aec716d33315

ԱԺ նստաշրջանում 2014թ բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած առանցքային դիտողությունները՝ որոշ կրճատումներով.

1. 2014թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծում և դրան կից հավելվածներում (982էջ) բյուջեի եկամուտների մասին 6 տող է գրված։Մինչդեռ Սահմանադրության 76 և 83.5 հոդվածներով նախատեսվում է հաստատել նաև պետական բյուջեի ձևավորման կարգը։ Սա նշանակում է, որ ԱԺ պարտավոր էր մանրամասնորեն անդրադառնալ նաև 2014թ սպասվող տնտեսական աճին ու դրանից բխող եկամուտներին ըստ տեսակների։ Պետական պաշտոնյաներն այստեղ ընդհանրապես խոսում են իրենց ոլորտների ծախսերի, սպառման մասին։

Որպես կանոն նրանք չեն տիրապետում այս կամ այն ոլորտում, մարզում կամ համայնքում արտադրության ծավալների, գեներացվող եկամուտների, առկա ռիսկերի թվերին։ Ի լրումն այդ ամենի կրակի վրա յուղ է լցվում նաև այստեղ՝ ԱԺ-ում։ Եթե ճիշտը կուզեք իմանալ, ԱԺ պետք է կառավարությանը ետ վերադարձներ այս բյուջեն և պահանջեր, որպեսզի այն ներկայացվեր Սահմանադրության նորմերին համապատասխան։

Սակայն ԱԺ քաղաքական մեծամասնությունն արդեն որերորդ տարին է հովանավորելով Կառավարությանը ըստ էության նպաստում է նրան, որ բյուջեի լիարժեք քննարկում չլինի։Նմանապես ներկայացված օրենքում չի ապահովված տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամտային մասը (Սահմանադրության 106 հոդված)։

Ավելին, օրենքի նախագծի 9-րդ կետի 98-րդ ենթակետում նշվում է, որ եկամտահարկի ու շահութահարկի մասով տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներին հատկացումները կասեցվում են։ Այլ խոսքերով ասած, գործ ունենք Սահմանադրության կոպիտ խախտումների հետ։

2. 2014թ բյուջեի ընդհանրական գնահատականն այսպիսին է. 1092 մլրդ դրամ հարկային եկամուտների պայմաններում աճը 2013թ բյուջեի սպասվելիք կատարողականի նկատմամբ կազմում է 11%՝ ուղիղ այնքան, ինչքան տնտեսական աճի և գնաճի արտադրյալն է։ Նկատի ունենալով, որ տնտեսական աճի (եթե այն լինի) մեծությունը 5,2% է, իսկ առավելագույն գնաճը 5,5%, ապա ստացվում է, որ ստվերի ու կոռուպցիայի ոչ մի պայքար էլ չի նախատեսվում։ Եվ սա մի երկրում, ուր ստվերը կազմում է 39-51%, իսկ կոռուպցիայի ընկալման ինդեքսով Հայաստանը 174 երկրների մեջ 105-րդ տեղում է։

3. Բյուջետային ուղերձի մեծ մասը (տես օրինակ 1-15 էջեր) արդեն որերորդ տարին կրկնվող, ոչինչ չասող բառերի կույտ է։ Արդեն որերորդ տարին է շարունակվում կոնկրետացնել նոր միջուկային բլոկի կոնկրետ առաջարկները։

4. Կառավարությունը 2014թ բյուջեին կից բացատրագրում չի տվել 2013թ աշնան դրությամբ ստեղծված տնտեսական իրավիճակի անաչառ, հստակ վերլուծություն։ Հիշենք 2013թ բյուջեն ներկայացնելիս վարչապետի նշած առաջնահերթությունները՝ սոցիալական ուղղվածություն, անվտանգություն և ենթակառուցվածքների վերականգնում։

Սրանցից ո՞րն է կատարվել։ Այսպես, ինչպես ուղերձում, այնպես էլ վարչապետի ելույթում նշված են 2013թ կանխանշած մակրոտնտեսական թվերի թերակատարման այսպիսի պատճառներ. համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղեցում, էներգակիրների գների բարձրացում։

Իրականությունն այն է, որ համաշխարհային տնտեսությունը 2013թ աճում է վերջին տասնամյակում գրանցված միջին տեմպերից ավելի արագ (3,3%), ԵՄ տնտեսությունը այս տարվա երրորդ եռամսյակում անսպասելիորեն աճ գրանցեց, իսկ 2013թ Հայաստան ներկրված միավոր էներգակրի (ինչպես գազային, այնպես էլ հեղուկ վիճակում) գինն ավելի է ցածր է եղել, քան 2012թ։ Խնդիրն այլ է. Կառավարության ապաշնորհ ներքին տնտեսական քաղաքականության պատճառով ոչ հեղուկ վառելիքի, ոչ էլ բնական գազի շուկաներում մրցակցություն չունենք։

5. Կառավարության 2012թ կանխանշած 4,1 և 2014թ համար ծրագրավորած 5,2% աճերը ապրիորի, հաշվարկներով չհիմնավորված թվեր են։ Այսպես, 2013թ 4,1% տնտեսական աճը նորից ստացվել է 2 ոլորտների՝ գյուղատնտեսության և արդյունաբերության թվանկարչությամբ։ Ի դեպ, նույնիսկ պաշտոնական թվերով առաջին 9 ամիսների ՏԱՑ-ը ընդամենը 3.2% է։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը կամ արդյունաբերությանը, ապա ՀՀ ԱՎԾ-ում դասական թվանկարչությունն արդեն փոխարինվել ազատ, ավանգարդիստական թվանկարչությամբ։ Հիրավի անսահման երևակայություն է պետք, ասենք, 300000 տոննա խաղողի կամ էլ շուրջ կես միլիոն տոննա հացահատիկի արտադրության թվեր նկարելու համար։

6. Կառավարությունը որևէ կերպ չի հիմնավորել 2014թ 5,2% տնտեսական աճի ցուցանիշը։ Սա անհավանական է այն պարզ պատճառաբանությամբ, որ վերջին տարիներին «ներդրումներ/ՀՆԱ» հարաբերակցությունը անշեղորեն նվազում է։ Ուրեմն ի՞նչի հաշվին պետք է ՀՆԱ աճա ապահովվի։ Մի կողմից կառավարությունը պնդում է 2014թ աշխատավարձերի ու թոշակների առաջանցիկ աճի, բյուջեի սոցիալականության թեզի վրա։ Ուղերձի 69-րդ էջում 2014թ համար կանխատեսվում է սպառման առաջանցիկ աճ՝ 3.5%։

Մինչդեռ հաջորդ էջում կանխատեսվում է կապիտալ ներդրումների սոսկ 2.9% աճ։ Ավելին կապիտալ ներդրումները ՀՆԱ կազմում 2012թ 23.8 և 2013թ 22.5%-ից 2014թ կիջնեն 21.8%։ Մյուս կողմից, կարելի էր ենթադրել, որ կառավարությունը փորձելում է տնտեսական աճի հասնել՝ խրախուսելով պահանջարկը (սպառումը)։ Բայց երբ որ նայում ենք 2014-ի տնտեսական աճի կառուցվածքին, ապա այստեղ նախապատվությունը տված է արդյունաբերությանը, գյուղատնտեսության աճը չի փոխվում և մի քանի անկումից հետո ակնկալվում է աճ շինարարության մեջ։ Այսպիսով, 5,2% տնտեսական աճի ոչ մի հաշվարկ չկա։

7. Որոշ թվեր բյուջեի նախագծում գրված են հենց այնպես, համարյա ծաղրելով հասարակությանը, ԱԺ-ին։

8. 2014թ բյուջեի նախագծի մեր հաջորդ դիտողությունը վերաբերում է ՄՄ անդամակցությանը։ Սա իր հերթին 2 հիմնախնդիր է ծնում։ Առաջին, եթե Հայաստանն իրոք որոշել է անդամակցել ՄՄ-ին, ապա կառավարությունը և տնտեսավարող սուբյեկտները հսկայական անելիքներ ունեն։ Մասնավորապես, մտնելով ՄՄ Հայաստանը ստիպված է լինելու երրորդ երկրների նկատմամբ կիրառել միջին հաշվով 3 անգամ ավելի բարձր մաքսատուրքեր։

Այստեղ է, որ կառավարությունը բյուջետային ուղերձում ճյուղ առ ճյուղ պետք է վերլուծած լիներ ՄՄ անդամակցությունից հետո ոլորտում սպասվող փոփոխությունները, քննարկումներ իրականացներ տնտեսավարող սուբյեկտների հետ։ Սակայն այստեղ ևս ցուցաբերված է ինչ-որ անլուրջ մոտեցում։

Այս ամենը վերջին ամիսներին խորապես վնասում է ՀՀ միջազգային հեղինակությանը. ժողովրդի կարծիքը չհարցնելը, այս կամ այն միությանը միանալու հայտարարությունները, դրանցից հեշտությամբ հրաժարվելը Հայաստանի մասին աշխարհում ստեղծել են անլուրջ գործընկերոջ իմիջ։ Երկրորդ, ՄՄ-ին անդամակցելու պարագայում Հայաստանը նոր մաքսատուրքերի դեպքում ունենում է բյուջեի եկամուտների էական փոփոխություններ։

Հարգելի պատգամավորներ, նկատի ունենալով վերը բերված դիտողությունները պետք է բոլորիդ հորդորեի դեմ քվեարկել բյուջեի ներկայացված նախագծին և դնել կառավարության հրաժարականի հարցը։