Հեռանկարներ՝ ՀՀ տնտեսության զարգացման համար (տեսանյութ)
Որքան Իրանը քիչ խնդիրներ ունենա միջազգային ասպարեզում, այնքան ավելի կշահի Հայաստանի տնտեսությունը: Վստահեցնում են հայ մասնագետները՝ հիմք ընդունելով այս կիրակի վեցնյակի երկրների ու Իրանի միջեւ Ժնեւյան բանակցությունների արդյունքները, որոնք մեծ հեռանկարներ են խոստանում Հայաստանի տնտեսության զարգացման համար:
«Հայաստանը իրավունք չունի բաց թողնել Իրանի տնտեսական պոտենցիալը»,- կարծում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ Իրանն արտաքին առեւտրի շրջանառությամբ առաջատար դիրքերում է։ Մինչդեռ Հայաստանի ամբողջ ապրանքաշրջանառության միայն 10 տոկոսն է Իրանական շուկայի հետ։
Իրանից մեր երկիր է ներմուծվում հիմնականում սննդամթերք, մոլիբդեն, էլեկտրաէներգիա, քիմիկատներ, ավտոմեքենաներ, արդյունաբերական ապրանքներ, իսկ արտահանվում է հանքահումքային արտադրանք, փայտ, սննդամթերք ու էլեկտրաէներգիա։
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012 թ. Իրանից Հայաստան է ներկրվել ավելի քան 242մլն դոլարի ապրանք, արտահանվել `109 մլն դոլար: Վիճակագրությունը ամենեւին գոհացուցիչ չէ։