Նկարիչները կընտրեն նոր նախագահ
Հայաստանի նկարիչների միությունը պատրաստվում է համագումարի: Միությունը պետք է ընտրի նոր նախագահ: Ներկա նախագահի` Կարեն Աղամյանի ընդդիմախոսները վստահեցնում են` նա ոչ միայն 15-20 տարվա ընթացքում վատ է կառավարել, այլեւ խախտել օրենքը, այն է` պարտավոր էր 3 տարին մեկ անգամ համագումար անցկացնել, ինչը չի արել:
Նկարիչների միությունում չկա բարոյահոգեբանական իրավիճակ: Այս համոզմանն է նկարիչ Արմեն Աթանյանը, որը դեկտեմբերի 16-ին միության 18-րդ համագումարին կլինի նախագահի թեկնածուներից մեկը: Ըստ նրա` Նկարիչների այսօրվա միության ղեկավարությունը ոչինչ չի անում մթնոլորտը փոխելու եւ բարելավելու ուղղությամբ. «Դա ընդամենը ընտրությունից ընտրություն անկապ, կոմսոմոլային մտածելակերպով սովետական հասարակարգի, էդ մտածելակերպով շարժվող կառույց է, նաեւ` փակ: Այսօր անվտանգության, ներքին գործերի, կառավարության, նախագահի հարցերի շուրջ մենք ավելի տեղեկացված ենք, քան նկարիչների միությունից»:
Որպես նկարիչների միության նախագահի հավանական թեկնածուներ շրջանառվում է 6 նկարչի անուն, այդ թվում` միության ներկայիս նախագահ Կարեն Աղամյանի անունը: Արմեն Աթանյանը մատնանշում է բազմաթիվ խնդիրներ, որոնք այսօր լուծման կարիք ունեն: Միության բարեփոխման իր ծրագիրը նա պատրաստվում է հրապարակել համագումարին:
Նա վստահեցնում է` աթոռակռվի համար չի մտել պայքարի, այլ փոխելու կառավարման ձեւը եւ արվեստագետին վերադարձնելու արվեստագետնի բարոյահոգեբանական կարգավիճակը. «Մենք հիմա լճացած, հիմար իրավիճակում ենք: Որ իրենց հարցնենք` կասեն, բա մենք տարեկան 100 հատ ցուցահանդես են կազմակերպում: 100 հատ ցուցահանդես նկարիչների միությունը չի բացում, ցուցահանդեսները բացում են արվեստագետները` իրենց անհատական»:
Նկարիչների հիմնական խնդիրներից մեկն այսօր այն է, որ իրենց իսկ միության ցուցասրահները նկարիչներին տրամադրվում են վարձակալությամբ` 5-10 հազար դրամով: Բացի այդ` յուրաքանչյուր նկարիչ տարեկան պետք է վճարի 5000 դրամ անդամավճար. «Ժպիտի արժանացող թիվ է միգուցե սա, ծիծաղ առա ջացնող, հավատացնում եմ, որ նկարիչների 80 տոկոսը տարեկան այդ գումարը չեն կարող մուծել: Էլ ուր մնաց բերեն մեկ շաբաթվա համար 150 հազար դրամ փող մուծեն դահլիճի համար, որ իրենց նկարչությունը ցուցադրվի:
Նկարիչների միությունն այսօր ունի 1100 անդամ` նկարիչներ ու քանդակագործներ, որոնցից 300-ն ապրում ու ստեղծագործում է արտերկրում: Նկարիչ Հաղթանակ Շահումյանը, որը եւս միության նախագահի թեկնածուներից մեկն է, համոզված է` պետք է վերակառուցվի նկարիչների միության ամբողջ գործունեությունը, ինչպես նաեւ` ղեկավարման սկզբունքը. «Այսօր միանձնյա է գրեթե, վարչությունը դերակատարում չունի միությունում, հենց այդ միանձնյա ղեկավարությունն է, որ թերի բաներ է անում ու բացի այդ` կասկածներն են մեծ հանրության մեջ, եւ հոգեբանությունն էլ է խաթարված միությունում»:
Նա վստահեցնում է` մեկ-երկու տարին բավարար է, որպեսզի միությունը ոտքի կանգնի. «Միությունն իր տնտեսական գործունեությունը, եթե ճիշտ կազմակերպի, ինքն իրեն կարող է հրաշալի ապահովել նյութապես, ինչու չէ` պետությանը օգտակար լինի»:
Հաղթանակ Շահումյանը կարծում է, որ պետք է ձգտել ու ստեղծել կոլեկտիվ կառավարման մեխանիզմներ, սակայն չլինեի խմբակային մտածողություն, որին նա դեմ է. «Միշտ խոստումներ եղել են, ցավոք, խոստումներից արդեն կշտացել ենք, անհրաժեշտ է, որ նկարիչը տեսնի, շոշափի, միության գործունեությունը զգա իր վրա նրա օգտակարությունը»: