Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդդիմադիր պատմվածքները հովանավորել է մի պաշտոնյա

Հասարակություն
03b4b59f28524de10bf5331376ac300e

Լույս է տեսել գրող Լեւոն Ջավախյանի նոր «Վերնիսաժ» պատմվածքների հավաքածուն։
Չնայած գրողը,իր խոսքերով, «ընդդիմադիր պատմվածքներ» է գրում, բայց գրքի հրատարակությունը հովանավորել է մի բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը հենց հովանավորի ցանկությամբ չի հրապարկվում: Ոչ թե նրա համար, որ վախենում է, այլ որովհետեւ համեստ մարդ է՝ ասում գրողը. «Մի անգամ էլ, երբ պետքա հովանավորեր գրքի տպագրությունը, ասեցի` կարդա, գլխիդ բան չգա: Կարդաց ու ասեց` քաղաքականությունը ի՞նչ կապ ունի գեղարվեստի հետ, հովանավորելու եմ»:

Լեւոն Ջավախյանը գրականության մեջ իրեն համարում է ուշահաս, գրել սկսել է երեսուն տարեկանում: Նա հիշում է` այդ տարիքում Մակեդոնացին աշխարհն էր գրավել, իսկ նա նոր-նոր հեգում էր իր պատմվածքները. «Դրանք սկզբում թույլ էին»,- խոստովանում է գրողը ու հիշում իր խորամանկ քայլերը. «Մերուժան Տեր-Գուլանյանին էլ հորս քաշած օղիներն էի տանում, որ տպագրեր: Նա էլ օղիները խմում էր, գրածս մերժում: Հիմա լավ է՝ հաճախ է հիշում ինձ որպես ժամանակակից գրող»:

Լեւոն Ջավախյանը պատմում է, որ իր պատմվածքները կարդում են բոլորը, ասում է որոշ պաշտոնյաներ այնքան հաճույքով են կարդում, կարծես իրենց մասին չլինի. «Իրենց դուրը զարմանալիորեն գալիս ա, հենց գիտեն իրանց մասին չի, ասում են մալադեց Լեւոն, քեզ չկորցնես, էդպես էլ շարունակի»:

Վերջում նա առաջարկեց, որ այս Ամանորին մարդիկ միմյանց մի տուփ կոնֆետից բացի, գիրք էլ նվիրեն, որովհետեւ վաղուց մոռացվել է միմյանց գիրք նվիրելու ավանդույթը. «Եթե մի բուռ ջրից Սասնա ծռեր են ծնվել, բա մի ումպ հոգո՞ւց ինչեր կհղանան, դրա համար գիրք կարդալ է պետք»: Իսկ իր գիրքը՝ «Վերնիսաժը», ընթերցողները կարող են գտնել «Նոյյան տապան» գրախանութում եւ Վերնիսաժում: