Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անտուն կմնան մինչեւ հետաքննության ավարտը (տեսանյութ)

Հասարակություն
80acd117fd6be1e3f16d73847e4e19ed

Մոտ 100 հազար եվրո: Այս գումարը անհրաժեշտ է 27-ամյա Արտակ Պետրոսյանի վիրահատության համար։ Մայիսի 17-ին Արարատի մարզի Այնթապ գյուղի թիվ 10 տանը բռնկված հրդեհի հետեւանքով երիտասարդը չի կարողանում շարժել աջ ձեռքը։
«Մինչեւ այս դեպքը պարացետամոլից բացի այլ դեղ չեմ խմել, բայց ընկել եմ հիվանդանոց ընդհանուր անզգայացման տակ, 3 վիրահատություն եմ տարել, նարկոտիկ, ցավազրկողներ»,- «Ա1+»-ին ասաց Արտակ Պետրոսյանը։

Հրդեհը բռնկվել է գազի արտահոսքից, որը լցվել էր Պետրոսյանների բնակարանը։
«Ծուխ, կրակ, վարագույրը վառվում էր, մի պահ նստած՝ չէի պատկերացնում երազ է իրականություն է, հետո մի պահ սթափվելով՝ գոռացի վառվում եմ հասեք»,- դեպքը վերհիշելով նշեց ընտանիքի մայրը՝ Գյուլնարա Պետրոսյանը։

Պետրոսյանների խոսքերով՝ գազի արտահոսքի մասին իրենք պարբերաբար տեղեկացրել են Այնթապի «Հայռուսգազարդ»-ի մասնաճյուղին, սակայն արձագանք չի եղել։

Ընտանիքին վիրավորում է, որ իրենց խնդրով «Հայռուսգազարդ»-ը չի հետաքրքրվել նաեւ պայթյունից հետո, որի պատճառով Արտակը 70 օր անցկացրել է հիվանդանոցում։

Գազի պայթյունից հետո Պետրոսյանների բնակարանը դարձել է վթարային, որտեղ ապրել հնարավոր չէ։ Ընտանիքը ստիպված բնակարան է վարձել։ Նրանց հասած վնասը գնահատվել է 10 մլն 220 հազար դրամ, սակայն փոխհատուցման մասին դեռ խոսք չկա՝ հորդորում են սպասել։

«Փորձագետը արդարադատության իր եզրակացությունը տվել է, որ քանդվի եւ նոր տուն կառուցվի, 10 մլն են գնահատել, բայց 10 մլնը շատ քիչ է, այսօր տուն սարքելու համար։ 220 հազար դրամ էլ գնահատել են տան ապրանքների համար»,- ցավով նշում է Արա Պետրոսյանը։

Պետրոսյանները «Հայռուսգազարդ»-ից իրենց նախկին տունն են պահանջում, որը հրդեհից առաջ նոր էին վերանորոգել։ Իսկ «Հայռուսգազարդ»-ի լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ պայթյունի գործը դեռ նախաքննության փուլում է, եւ մինչեւ ավարտը իրենք ոչինչ չեն կարող ասել։ Ի դեպ, Այնթապի գյուղապետի հետ էլ մեզ չհաջողվեց հանդիպել՝վերջինս հեռախոսազրույցով տեղեկացրեց, որ գտնվում է Լեռնային Ղարաբաղում։