Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանտերում անմարդկային վիճակ է»

Հասարակություն
285d308ce21490e3051eef59c3d55ab4

Հայաստանում ազատազրկվածներն անմարդկային վիճակում են: Սա իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ամենամեղմ բնորոշումն է. «Քրեական այդ հիերարխիկ հարաբերությունները մարդկանց ճնշում են, ոչնչացնում են արժանապատվությունը»:

Այսօր Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ներկայացրեց «Ազատազրկո՞ւմ, թե՞ տառապանք. կյանքը քրեակատարողական հիմնարկներում» խորագրով իր զեկույցը: Նախկինում դատապարտված 33 անձանց հարցազրույցների հիման վրա ներկայացվել է բանտերի պայմանները, միջանձնային հարաբերություններն և ազատ արձակելուց հետո այդ մարդկանց խնդիրները:

Ավետիք Իշխանյանի կարծում է, որ զեկույցում ընդգրկված յուրաքանչյուր դատապարտված կարող է դատի տալ Հայաստանի Հանրապետությանը. «Բայց բանտերում այնպիսի չգրված օրենքներ կան, որ երբ անձը բողոքի բարքերից, կարող է նրանց վրա շատ ավելի բարդ անդրադառնա»:

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը վստահ է, որ առ այսօր պետական մարմինները քողարկում են քրեակատարողական հիմնարկներում տիրող անմարդկային վիճակը: Նա առաջնային խնդիր է համարում նաեւ բանտերի ծանրաբեռնվածությունը՝ հիշեցնելով, որ Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ հայտարարված համաներումից հետո ոչինչ չի փոխվել, հատկապես Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում:

Զեկույցի հրապարակմանը ներկա ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչն էլ նշեց, որ նման փաստաթղթերն իրենց միայն օգնում են։ Միջոցառմանը ներկա չէին միայն արդարադատության նախարարությունից։ Ավետիք Իշխանյանը նախարարությանը կոչ արեց զբաղվել իրական բարեփոխումներով եւ ոչ թե եվրոպացիներին ինչ-որ բան ցույց տալու համար։