Զավեն Անդրիասյանը հավասարվեց առաջատարներին
Հոլանդական Գրոնինգեն քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում շարունակում են տոն տալ Հայաստանի ներկայացուցիչները: Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 6-րդ տուրում սեւերով հաղթեց իսրայելցի Արոն Գրինֆիլդին, վաստակեց 5 միավոր եւ հավասարվեց մրցաշարի երկու առաջատարներին` ռուսաստանցի Եվգենի Ռոմանովին եւ սլովակցի Պետեր Միխալիկին: Այսօր նախատեսված 7-րդ տուրում մեր շախմատիստը կմրցի վերջինիս հետ: Մրցաշարին մասնակցող մեր առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը այս տուրում սպիտակներով առավելության հասավ չեխ գրոսմայստեր Թերեզա Օլսարովայի նկատմամբ, վաստակեց 4,5 միավոր եւ ընդհուպ մոտեցավ առաջատարներին: Այսօր նա կհանդիպի Արոն Գրինֆիլդի հետ: Մեր երրորդ ներկայացուցիչ, միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը, տանուլ տվեց 6-րդ պարտիան եւ նահանջեց 32-րդ հորիզոնական: