30 համարի երթուղին նորից գործում է
Թիվ 30 ավտոբուսային երթուղուց օգտվող ուղեւորներն ահազանգել էին «Ա1+», որ երթուղին չի գործում։ 30 համարի ավտոբուսի երթուղին սկսում է Սիլիկյան թաղամասից եւ ավարտվում Ե/Գ կայարանում: Այն անցնում է Մարգարյան, Հալաբյան, Կիևյան փողոցներով, Բաղրամյան և Մաշտոցի պողոտաներով, Չարենց, Ալեք Մանուկյան, Եր. Քոչար փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով։ Մենք գրավոր հարցում ուղարկեցինք Երեւանի քաղաքապետարան` պարզելու, թե ինչու չի աշխատում N 30 ավտոբուսը։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից տեղեկացրին, որ Երեւանի ներքաղաքային ավտոբուսային N 30 երթուղին փակված չէ։ Նախկինում երթուղին շահագործող ընկերությունը դադարեցրել էր երթուղու սպասարկումը՝ հարկային, ֆինանսական պարտավորությունների կատարման անհնարինության պատճառով։ Քաղաքապետարանից հայտնեցին նաեւ, որ ներկայումս երթուղին շահագործվում է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից՝ չինական «Հայզեր» մակնիշի ավտոբուսներով։