Ծխո՞ւմ ես` վճարիր ոչ միայն քո հաճույքի, այլեւ վնասի համար
Ինչպես ծխախոտատուփն է դատարկվում ամեն ծխվող գլանակի հետ, այնպես էլ օրեցօր մեր առողջությունն է քայքայվում՝ այդ նույն գլանակի փոքրացմանը զուգահեռ։ Հայաստանի կառավարության գրպանը մտնել ամեն անգամ, երբ մեր կամ մեր մերձավորների վնասակար սովորույթներն են մեզ «ուղարկում» բժշկի մոտ, անօգուտ է։ ՀՀ առողջապահության ոլորտը թերֆինանսավորված է: Այն միջոցները, որոնք այսօր կառավարությունը ուղղում է առողջապահական ոլորտի ֆինանսավորմանը, ամբողջովին չեն բավարարում նույնիսկ համակարգի ընթացիկ ծախսերի իրականացման համար: Եվ դեռ ավելին՝ 2012-2014 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն ՀՀ կառավարությունը նախատեսում է կրճատել՝ ՀՆԱ-ի նկատմամբ 1.6 տոկոսից 2014թ. հետագայում նվազեցնել առողջապահության ոլորտ ուղղվող պետական ծախսերը՝ քանի որ պետական արտաքին պարտքերի մարման ժամկետներն են նաև մոտենում: Իսկ պետության կողմից ծախսերի նվազեցումը առաջին հերթին հարվածում է երկարաժամկետ և հիմնարար ներդրումներ պահանջող ծրագրերի իրականացմանը։ Վտանգավոր գոտում հայտնվելու են նաեւ այն ծրագրերը, որոնք վերաբերում են երեխաներին եւ դեռահասներին։ Խիստ անհրաժեշտություն է դառնում առողջ ապրելակերպի քարոզչության/խրախուսման, ինչպես նաև հանրային առողջապահության զարգացման համար հատուկ ներդրումները, որոնք նույնպես այսօր հնարավոր չեն: Ո՞րն է ելքը։ Փորձագետները, հիմնվելով միջազգային փորձի վրա, առաջարկում են՝ հատկապես երեխաների առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը պահանջել նրանցից, ովքեր այն վտանգում են։ Մի շարք երկրներ լրացուցիչ հարկեր, տուրքեր և վճարներ են գանձում այն ապրանքների իրացումից, որոնք վնասում են մարդկանց առողջությանը և այդ միջոցներն ուղղում են առողջապահական որոշ ծախսերի ֆինանսավորմանը: Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի ղեկավար Նաիրա Ղարախանյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասում է, որ մեր երկրում այլընտրանքային ֆինանսավորման աղբյուր կարող են հանդիսանալ ծխախոտի եւ ալկոհոլի համար հարկերի, բնապահպանական տուրքերի ավելացումը։ Ի դեպ, կա մի շարք երկրներում լրացուցիչ գումարներ գանձվում են նաեւ բջջային օպերատորներից։ Օրինակ ԱՄՆ-ում կան նահանգներ, որտեղ 911 ծառայությունը ֆինանսավորվում է միայն բջջային հեռախոսների վճարներից: Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է գնալ այդ ճանապարհով։ Նաիրա Ղարախանյանը չի բացառում, որ, ինչպես այլ երկրներում, այնպես էլ մեզ մոտ կլինեն խոչընդոտներ, որոնք լուծելի են։ Նախևառաջ` անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ: Կազմակերպությունն արդեն դիմել է ԱԺ-ին ու իր առաջարկությունը քննարկել մի քանի հանձնաժողովներում։ Այս պահին դժվարանում են ասել՝ ինչ ընթացք կստանա նախաձեռնությունը։ «Ծխախոտի հարցում՝ դժվար արագ ստացվի։ Հարցեր կլինեն թե՛ ծխախոտ ներկրողների, թե՛ արտադրողների հետ», - ասում է Նաիրա Ղարախանյանը՝ ընդգծելով, որ բոլորն էլ հասկանում են, որ երբ ծխախոտի գինը բարձրանա հնարավոր է, որ ծխողների օգտագործման ծավալը նվազի։ Սակայն վերջինիս համար տասնյակ տարիներ են հարկավոր: Ինչպես Կանադայում 80-ականներին, 2.5 անգամ ծխախոտի գնաճի պայմաններում, դեռահասների շրջանում 11 տարվա ընթացքում օգտագործումը նվազել էր մոտ 3 անգամ: Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի գործունեության գնահատման (ԱՀԳԳ) հետազոտության տվյալների համաձայն Հայաստանի մեծահասակ (16 և բարձր) բնակչության 25.6%-ը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, որտեղ տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52%, իսկ 20-65 տարեկանների շրջանում՝ 57.7%: Բացի այդ, հարկերի բարձրացումը կարող է նպաստել հարևան երկրներից ցածր գներով ապրանքատեսակների անօրինական ճանապարհով ներկրմանը: «Ոչ մի նորություն չի կարող արագ ընդունվել, բոլորս էլ հասկանում ենք, որ ժամանակ է պետք, որպեսզի հասարակությունը ընկալի, որպեսզի պետական մարմիններն էլ հասկանան դրական կողմն ու ընդունեն, որ սա փոխշահավետ երեւույթ է», - ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչը։ Ի դեպ, չնայած Հայաստանի կառավարությունն արդեն տաս տարի է միլիոնավոր գումարներ է ծախսում ծխելու դեմ պայքարում, մեր երկիրը դասվում է ամենածխող երկրներից մեկն աշխարհում՝ տղամարդկանց ծխելու ցուցանիշով։ Ըստ «Ամերիկյան բժշկական ասոցիացիայի հանդեսի» օրերս հրապարակած հետազոտության՝ 2012թ. Հայաստանում ծխում էր տղամարդկանց 51,5 տոկոսը, որից առաջ էր միայն Ինդոնեզիան եւ Արևելյան Թիմորը։