Վիշի Անանդը նույնպես կմասնակցի
Շախմատի աշխարհի թագի բոլոր 8 թեկնածուները հաստատել են իրենց մասնակցությունը հավակնորդների մրցաշարում: Այդ մասին տեղեկացնում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը: Հավակնորդների մրցաշարը կայանալու է մարտի 13-31-ը, ռուսական Խանտի-Մանսիյսկ քաղաքում: Լուրեր էին պտտվում, որ աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը հավանաբար կհանի իր թեկնածությունը: Սակայն հնդիկ գրոսմայստերը նույնպես հայտ է ներկայացրել ՖԻԴԵ-ին: Այդպիսով, հավակնորդների մրցաշարում Վիշի Անանդից բացի, հանդես կգան նաեւ Լեւոն Արոնյանը (Հայաստան), Դմիտրի Անդրեյկինը, Սերգեյ Կարյակինը, Վլադիմիր Կրամնիկը, Պետեր Սվիդլերը (բոլորն էլ Ռուսաստան), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) եւ բուլղարացի Վեսելին Թոփալովը: Հիշեցնենք, որ 2013 թվականին աշխարհի թագին առաջին անգամ տիրեց նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը, որը եզրափակիչ մրցախաղում 6,5:3,5 հաշվով պարտության մատնեց Վիշի Անանդին: