Տավուշի մարզը սեյսմիկ ռիսկերի քարտեզ ունի
Ամփոփվել են ԱԻՆ Տավուշի մարզային ծառայությունների 2013 թ. կատարած աշխատանքները. հայտնում է ԱԻՆ-ը։ Անցած տարվա ընթացքում շարունակվել են այդ աղետների կանխատեսմանը, կանխարգելմանն ու հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները: Փրկարար ուժերի պատրաստականության բարձրացման նպատակով ՄՓՎ ստորաբաժանումներում անցկացվել են պարապմունքներ, մարտավարական վարժանքներ, հրշեջ-փրկարարական ջոկատների տակտիկական պարապմունքներ: Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Արձագանք. բուժմիավորումներ» ծրագրի շրջանակներում ուսումնավարժանքներ են անցկացվել մարզի 4 տարածաշրջաններում: 2013 թ. ընթացքում կատարած աշխատանքների մասին զեկուցել են մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Արմեն Համբարձումյանը և հիդրոօդերևութաբանական ծառայության պետ Էդիկ Միրզոյանը: Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության պետ Սերգեյ Նազարեթյանը ներկայացրել է մարզի սեյսմիկ ռիսկերի քարտեզները: Զեկուցողը կարևորել է համագործակցված աշխատանքը մարզի ղեկավարության հետ, որի արդյունքում այսօր Տավուշը միակ մարզն է, որի բոլոր քաղաքների համար կազմվել են սեյսմիկ ռիսկի քարտեզներ: Տեխնիկական անվտանգության Տավուշի մարզային փորձաքննական բաժանմունքի պետ Գևորգ Խուդավերդյանը ներկայացրել է տարվա ընթացքում իրականացրած տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքները` նշելով, որ 2013թ. ընթացքում մարզում տեխնածին վթարներ չեն արձանագրվել: