Խորհուրդը 28 տարեկանին դարձրել է դոկտոր. Առավոտ
Անցյալ տարվա վերջին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան է շնորհվել Դավիթ Հարությունյանին: Նա ընդամենը 28 տարեկան է եւ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի որդին: Երիտասարդ դոկտորին բարձրագույն գիտական աստիճան է շնորհվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) 014 խորհրդում: Ընդ որում, պարոն Հարությունյանը ՀՊՏՀ 014 խորհրդի նախագահ, տնտեսագիտության դոկտոր, ակադեմիկոս Յուրի Սուվարյանի (լուսանկարում) ասպիրանտն է եղել: Aravot.am-ը պարոն Սուվարյանից հետաքրքրվեց՝ արդյոք անվանի մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի ու գիտության մյուս երախտավորների նման տաղանդավո՞ր էր իր ասպիրանտը, այնպիսի բացառիկ աշխատանքներ ունի ոլորտում, որ վաստակել է 28 տարեկանում դոկտոր դառնալու իրավունքը: «Դավիթ Հարությունյանը իսկապես խելոք երիտասարդ է, վերջերս էլ մի քանի անգամ երիտասարդության ոլորտում մրցանակների է արժանացել: Նրա գիրքը՝ վճարային հաշվեկշռի հիմնախնդիրների մասին, որը հիմնականում դոկտորական է դարձել, մրցանակի է արժանացել»: Յուրի Սուվարյանը չցանկացավ հեռախոսով մեկնաբանել ԲՈՀ-ի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանի այն հայտարարությունը, թե ամենաանորակ ատենախոսությունները տնտեսագիտության ոլորտում են: Բայց խոստացավ առաջիկայում ծավալուն մեկնաբանություններ ներկայացնել՝ երես առ երես հանդիպման ժամանակ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ