Սրտի անվճար վիրահատություններ կատարվում են (տեսանյութ)
Հայաստանում անապահով սոցիալական խմբին պատկանող մոտ 270 հազար մարդ այսուհետ կօգտվի անվճար եւ արտոնյալ բուժօգնությունից։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։ Նրա խոսքերով՝ ՀՀ բոլոր պոլիկլինիկաներում բուժծառայություններն անվճար են։ Սակայն եթե բնակիչը մի պոլիկլինիկայից տեղափոխվում է մեկ այլ տարածքի պոլիկլինիկա՝ լաբորատոր գործիքային հետազոտության, կարող է վճարել, ստոմատոլոգիական ծառայությունները նույնպես կարող են վճարովի լինել։ Պարոն Պողոսյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենք նախատեսում են, որպեսզի Երեւանում կամ մարզերում համավճար ներդնեն՝ որոշ գործիքային ծառայությունների մասով։ Իսկ ԱՆ ՊՎԳ-ի պետ Սարո Ծատուրյանն էլ հավելեց, որ ըստ գործող կարգի՝ բոլոր քաղաքացիների համար ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտություններն անվճար են՝ իրենց առաջնային բժշկի նշանակմամբ կամ ցուցումով։ ԱՆ ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Կարլեն Անտոնյանն անդրադառնալով երեխաների բուժօգնությանը՝ նշեց, որ 0-7 տարեկան ստոմատոլոգիական ծառայությունն անվճար է. «Լինի թե մասնագիտացված կենտրոններում, թե տարածքային պոլիկլինիկաներում՝ անվճար է»։ Լրագրողի այն դիտարկմանը, որ Արաբկիր պոլիկլինիկայում երեխայի ստոմատոլոգիական ծառայության դիմաց գումար են պահանջել, փոխնախարար Վահան Պողոսյանը խոստացավ հետամուտ լինել։ Անդրադառնալով սրտի վիրահատությանը՝ պարոն Պողոսյանը հայտնեց, որ չնայած այն գտնվում է նորագույն եւ թանկարժեք վիրահատությունների ցանկում, սակայն անվճար վիրահատություններ կատարվում են։ «Սոցիալապես անապահով՝ ըստ հատուկ սանդղակի 36 բալ եւ ավել ունեցող ընտանիքի անդամներին՝ 110 մարդու, մենք սրտի վիրահատությունն ամբողջովին անվճար ենք իրականացնում։ Մյուսը՝ սոցիալապես անապահով հատուկ խմբերում գտնվողներին փոխհատուցում ենք տալիս պետության մասնակցությամբ, 365 հազար դրամ փոխհատուցում ենք տալիս։ Նոր խմբեր են ավելացել՝ քաղծառայողներ, պետական ծառայողներ, զինծառայողներ եւ ընտանիքի անդամներ, որոնք նույնպես օգտվում են սրտի վիրաբուժությունից՝ նույն մեխանիզմներով։ Բնականաբար 0-7 տարեկան երեխաներինը անվճար է, իսկ 7-18, որոնք գտնվում են սոցիալապես անապահովների ցանկում, նրանց համար նույնպես անվճար է»,-եզրափակեց ԱՆ փոխնախարարը։