Ցրտահարության կանխատեսումներ չեն կարող անել
«Այսպիսի տաք գարուն եղել է նաեւ 2002թ.-ին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կանխատեսելով առաջիկա օրերի ջերմաստիճանը՝ հայտնեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը. «Մինչեւ մարտի 7-ը հանրապետությունում տաք հոսանքների ներհոսքը կշարունակվի»։ Ինչ վերաբերում է մարտ ամսվա կանխատեսումներին՝ մենք այս տարի կունենանք տաք եւ տեղումնառատ մարտ։ «Ա1+»-ի այն հարցին, արդյո՞ք «Հիդրոմետ» ծառայության աշխատակիցը կարող է կանխատեսել՝ կլինի՞ ցրտահարում, թե ոչ, պարոն Սուրենյանը նշեց, որ չնայած ծիրանենիների բողբոջներն արդեն ուռչել են, սակայն իրենք ցրտահարության կանխատեսումներ չեն կարող անել։ «Եղել են տաք տարիներ, երբ ծիրանենիները 15-20 օր շուտ ծաղկել են, բայց ընդհանրապես ցրտահարություն չի եղել։ Եւ հակառակը՝ ունեցել ենք տարիներ, երբ ուշ է ծաղկել, եւ ցրտահարություն եղել է։ Բայց ամեն դեպքում միակ վտանգն այն է, որ որքան շուտ են ծաղկում ծառերը, այնքան ցուրտ օդային զանգվածների ներխուժման վտանգն ավելի մեծ է։ Ցրտահարությունն այնպիսի բան է, որ կատարվում է մեկ օրվա ընթացքում։ Կարող է լինել ապրիլի առաջին տասնօրյակում կամ երկրորդ տասնօրյակում՝ ցուրտ ճակատի անցման ժամանակ։ Կարող է մեկ օր գրանցվել 0- -1 եւ ցրտահարություն լինի»։ Գագիկ Սուրենյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ օդի ջերմաստիճանի բարձրացումը կապ չունի երկրաշարժի հետ. «Որեւէ կապ գոյություն չունի մթնոլորտային երեւույթների եւ երկրաբանական պրոցեսների հետ»։