«Ղ-Տելեկոմը», «Արմենտելը» եւ «Օրանժ Արմենիա»-ն անբարեխիղճ են դիտվել (տեսանյութ)
«Վեստա» ընկերությունը տուգանվեց 15 մլն դրամի չափով։ Այսօր ՏՄՊՊՀ նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ «Վեստա» ընկերությունը իր էլեկտրոնային կայքում եւ արտաքին գովազդային պաստառի վրա գրել է, որ ընկերությունը մի շարք կենցաղային տեխնիկայի ապրանքանիշների պաշտոնական եւ միակ ներկայացուցիչն է։
ՏՄՊՊՀ-ն պահանջել է ներկայացնել վերոնշյալը հիմնավորող փաստաթղթեր։
«Վեստա» խանութները ներկայացնող «Փրիթի Ուեյ» ընկերությունը հանձնաժողովին է ներկայացրել մի քանի ընկերությունների կողմից տրված սերտիֆիկատներ։ Պարոն Շաբոյանի խոսքով, հանձնաժողովն ուսումնասիրել է այդ սերտիֆիկատները եւ չի պարզել, որ ընկերությունը հանդիսանում է «պաշտոնական ներկայացուցիչը»։
ՏՄՊՊՀ համարում է, որ «Վեստա» խանութը դրսեւորել է անբարեխիղճ մրցակցություն։
Հանձնաժողովի երկրորդ հարցը վերաբերում էր «Ղ-Տելեկոմ», «Արմենտել» եւ «Օրանժ Արմենիա» ընկերություններին, վերջիններս նույնպես դրսեւորել են անբարեխիղճ մրցակցություն։
Հանձնաժողովը բազմաթիվ բողոքներ է ստացել, որ ընկերությունները շարժական մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում մի շարք խախտումներ են կատարում։
«Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանության» ՀԿ ներկայացուցիչ Ռաֆայել Կրոյանը նիստի ժամանակ հայտնեց, որ իրենք բազմաթիվ բողոքներ են ստացել, որ այդ երեք ընկերությունները բաժանորդներից գումարներ են գանձում այն ժամանակահատվածի համար, երբ ընկերությունները ինտերնետ ծառայություն չեն մատուցել։
ՏՄՊՊՀ դիտարկմամբ՝ կապի ոլորտում գործող ընկերությունները իրենց վարքագծով խախտել են օրենքը, համաձայն որի՝ ծառայությունը կասեցվելու դեպքում կասեցվում է նաեւ բաժանորդի՝ վճարումներ կատարելու պարտավորությունը։ ՏՄՊՊՀ-ն բացահայտել է նաեւ, որ խնդիրներ են առաջանում նաեւ այն դեպքերում, երբ բաժանորդները դիմում են պայմանագիրը լուծարելու համար։
Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ ընկերությունները ստանում են խիստ նկատողություն՝ խախտումը վերացնելու հանձնարարականով։
ՏՄՊՊՀ նիստի օրակարգում ընդգրկված էր եւս մեկ հարց, որը վերաբերում էր Շվեյցարական «Հելվելեքս» եւ «Գինու-Կոնյակի Տուն Շահնազարյան» ընկերությունների միավորմանը։
Հանձնաժողովի տվյալներով, այդ երկու ընկերությունների միավորման միջոցով տեղի կունենար չհիմնավորված խոշորացում եւ գերիշխող դիրքի ամրապնդում։
Ըստ պարոն Շաբոյանի, շվեյցարական «Հելվելեքս» ընկերության մաբողջ կապիտալը կազմում է 50 հազար շվեյցարական ֆրանկ, սակայն ընկերությունը ցանկանում է 22 մլն շվեյցարական ֆրանկով ձեռք բերել հայկական ընկերությունը։ Տնտեսվարողները հրաժարվել են պատասխանել հանձնաժողովի այն հարցադրմանը, թե չունենալով միջոցներ, շվեյցարական ընկերությունը ում հաշվին է ձեռք բերում հայկական ընկերությունը։
Հանձնաժողովը որոշեց արգելել համակենտրոնացումը՝ իրական շահառուի չբացահայտման եւ գործարքի հնարավոր կեղծ լինելու համար։
