«Ղրիմի ճգնաժամը դրդվել է ԵՄ-ի կողմից» (տեսանյութ)
Ղրիմի հանրաքվեի ու ՌԴ-ին միանալու հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը որոշակիորեն ավանտյուրիստական էր: Այսօր Երեւանում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեց ՌԴ Արևելագիտության ինստիտուտի ներկայացուցիչ Ալեքսանդր Սկակովը: Նա փորձեց բացատրել` ինչու: Ըստ նրա`առաջին հերթին դա պայմանավորված է ՌԴ-ի դեմ ուղղված Արեւմուտքի քաղաքականությամբ. «Ղրիմի ճգնաժամը դրդվել է ԵՄ-ի կողմից, դա նրա պրոյկետն էր, այլ ոչ թե Յանուկովիչի կոռումպացված ռեժիմն էր պատճառը: Ինձ թվում է` դա հատուկ միտված ծրագիր էր ՌԴ-ի դեմ` մեծացնելու Արեւմուտքի ազդեցության դաշտը, ՌԴ-ին անջատել իր մտերիմ երկրներից: Այս գաղափարն իրագործելիս ընդհանրապես հաշվի չի առնվել ՌԴ շահերը, այս նպատակը չի համաձայնեցվել ու քննարկվել ՌԴ-ի հետ, եղել է կամ-կամ-ի քաղաքականություն` Արեւելքի ու Արեւմուտքի համատեղման նպատակ չի եղել, եւ ահա մենք ունենք այս հետեւանքները»: Պարոն Սկակովն ընդգծեց, որ այսօր արդեն տեսնում են դրական առաջարկներ, քայլեր ու գաղափարներ ԵՄ կողմից` ուղղված ղրիմյան նոր ղեկավարությանը. «Սակայն ինչո՞ւ դա արվում է հենց հիմա, այլ ոչ ավելի վաղ: Եթե դա արվեր 2-3ամիս առաջ, միգուցե հետեւանքներն այլ լինեին, միգուցե գործընթացն այլ կերպ ընթանար, հիմա արդեն գնացքն անցել է»: Նա անընդունելի է համարում ՌԴ-ին ուղղված ԵՄ քաղաքականությունը: Ըստ ռուս բանախոսի` այդ քաղաքականության նպատակը ՌԴ-ին ԵՄ պատմության անկյունները մղելն է. «Դրա վառ վկայությունն է ԵՄ-ի հետ վիզաների ռեժիմի դյուրացումը, որը մեր ԵՄ գործընկերներն ակնհայտորեն ձգձգում են, որպեսզի այն դառնա անիրագործելի: Մինչդեռ պետք է ընդհակառակը լիներ` ՌԴ-ի համար Եվրոպան պետք է ավելի բաց լիներ, որպեսզի ԵՄ ինտեգրացումն ավելի հեշտ լիներ: Դրա փոխարեն հիմա խոսում ենք ՌԴ դեմ նախատեսված սանկցիաների ու ճնշումների մասին, որի արդյունքում ՌԴ-ում հակաարեւմտյան տրամադրությունները կսկսեն աճել: Ի՞նչ կստանանք արդյունքում` մի մեծ ՀՍ Կորեա Եվրոպայի ծայրին: Արդյոք դա Եվրոպայի հետաքրքրությունների մե՞ջ է, իմ կարծիքով` ոչ»: