«Վիլյամ Սարոյան» մեդալով է պարգևատրվել պոլսահայ հայտնի մտավորական Սևան Նշանյանը
Օրերս պոլսահայ բազմատաղանդ մտավորական՝ լեզվաբան, գրող, հրապարակախոս Սևան Նշանյանը արժանացավ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության բարձր պարգևի՝ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի անվան մեդալի: Դրանով ՀՀ սփյուռքի նախարարությունն ըստ արժանվույն է գնահատում Սևան Նշանյանի ազգանվեր գործունեությունը, որն ամբողջությամբ հայապահպանության, հայոց լեզվի և հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանն անմնացորդ նվիրում է: Լինելով պոլսահայ մշակույթի բարձր արժեքների ճշմարիտ կրողը՝ Սևան Նշանյանը իր հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցրել է նաև համամարդկային խնդիրների լուծման կարևոր գործին: Դրա վկայությունն են նրա «Փոքր հյուրանոցների գիրք»-ը, «Բառերի տոհմածառ»-ը, մի շարք այլ հիմնարար աշխատություններ: Տաղանդավոր գիտնականը մեծ ներդրում ունի նաև թուրքերենի ուսումնասիրրության և զարգացման գործում: Նրա «Թուրքերենի ծագումնաբանական բառարան» հիմնարար աշխատությունը աննախադեպ է թուրքերենի ողջ պատմության համար: ՍԵՎԱՆ ՆՇԱՆՅԱՆ Ծնվել է 1956 թվականին, Կ. Պոլսում: Նախնական ուսումը ստացել է Պոլսի Պանգալթը թաղամասի Մխիթարյան վարժարանում: Միջնակարգ ուսումը սկսել է Ըշըք Լիցեում, հետո շարունակել և ավարտել է Ռոբերտ քոլեջը: 1974 թ., բարձրագույն ուսում ստանալու նպատակով, մեկնել է ԱՄՆ, որտեղ Յել /YALE/ և Կոլումբիա /COLUMBIA/ համալսարաններում ուսանել է պատմություն, փիլիսոփայություն և Հարավային Ամերիկայի քաղաքական պատմություն: 1984-85 թ.թ. Կոմմոդոր /Commodore 64/ անուն համակարգիչը առաջին անգամ Թուրքիա բերող, համակարգչային այդ ընկերության մասնաճյուղը ստեղծողը և համակարգչային նույնանուն առաջին ամսաթերթի հրատարակողն է: Ճամփորդել է աշխարհի տարբեր երկրներում և ճանապարհորդությունների ընթացքում իր տեսած վայրերի մասին բազմաթիվ գրքեր է գրել, բրիտանական և ամերիկյան մեծանուն ընկերությունների համար զբոսաշրջությանը և հետաքրքիր ուղևորություններին վերաբերող գրքեր է հեղինակել: 1998 թ. հրատարակվել է Ս. Նշանյանի հեղինակային «Փոքր հյուրանոցների գիրք»-ը, որից հետո՝ նմանատիպ գրքեր 1, 2, 3 … հերթական թողարկումների բազմաթիվ տպագրում է եղել: 1996 թ. հաստատվելով նախկինում հունական Նէա Էֆեսոս, այժմ Շիրինջե կոչվող փոքրիկ գյուղում՝ այստեղ կառուցել է հյուրանոց և սկսել այս ոլորտում աշխատելով վաստակել: Նույն գյուղում պատմամշակութային արժեք ներկայացնող բազմաթիվ շինարարական աշխատանքներ է կատարել, տասնյակ տներ է վերականգնել, վերակառուցել, ինչի համար լուրջ խնդիրներ է ունեցել թուրքական իշխանությունների հետ: