Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քանի՞ տոկոսն է դեմ պարտադիրին

Հասարակություն
1899363_624316297648521_93267932_o

Հասարակության 63 տոկոսը դեմ է Կենսաթոշակային բարեփոխումներին, քանի որ վստահություն չունի պետության նկատմամբ: Ըստ այդ բարեփոխումների՝ այս տարվա հունվարի մեկից պետք է գործեին կամավոր եւ պարտադիր համակարգերը: Նման ցուցանիշներ են ստացել ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող Կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնող ծրագրի պատասխանատուները` 2013թ. դեկտեմբերին 1200 տնային տնտեսություններում 18-62 տարեկանների շրջանում անցկացրած հարցումների արդյունքում: Հարցումներն իրականացվել են Երեւանում, Կոտայքի եւ Արարատի մարզերում: Հարցումներին ամենից շատ մերժել են մասնակցել Երեւանում: Պարզվել է` հարցվածների միայն 15 տոկոսն է պարտադիր կուտակային համակարգի մասնակից, որոնցից 10 տոկոսը տեղյակ չի եղել համակարգի մասին ու թե ինչի համար է իրենից հավելյալ գումար գանձվում: Ցուցանիշները հետաքրքիր էին պարտադիր բաղադրիչի մասով: Հարցվածների շուրջ 74 տոկոսը դեմ է պարտադիր բաղադրիչին, որոնցից 49 տոկոսը կարծում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է ընտրության հնարավորություն ունենա: Հարցումներն ավելի հստակ եզրահանգումների են բերել` ամենամեծ անտեղյակությունը պայմանավորված է ֆոնդերի ու կառավարիչների ընտրության հարցում եւ միայն 29 տոկոսն էր տեղյակ, որ իրենք ֆոնդերից հետագայում եկամուտ են ստանալու: Հետաքրքիր ցուցանիշ է արձանագրվել այն հարցի վերաբերյալ, թե արդյոք արդարացվա՞ծ է մոտեցումը, որ հենց 1974թ. հետո ծնվածները պետք է կուտակեն պարտադիր բաղադրիչով: 22 տոկոսը համոզմունք է հայտնել, որ դա խտրական վերաբերմունք է: Ուշագրավ էր նաեւ հարցվածների վերաբերմունքն ու պատճառաբանությունները կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ: Հարցվածների 39 տոկոսը բացասական վերաբերմունք ունի, որից 12 տոկոսը կարծում է, որ հատկապես պարտադիր համակարգը ժողովրդի նոր թալանի ու կողոպուտի ձեւ է, 8 տոկոսի համոզմամբ` այսպիսով ուզում են պետության համար փող հայթայթել, 4 տոկոսը կարծում է, որ ոմանց համար սա բիզնես է, 3 տոկոսը վստահ է` այս համակարգն անհեթեթություն է: