Դատական գործերը սպառնում էին ԶԼՄ-ներին (տեսանյութ)
2013 թ. ընթացքում ԶԼՄ-ների ներգրավվածությամբ զրպարտության և վիրավորանքի հիմքերով դատական հայցերը 2012-ի համեմատ ավելացել են գրեթե 1,5 անգամ։ Եթե 2012-ին հարուցվել է 18 գործ, ապա 2013-ին այդ ցուցանիշը 26 է։ 2013 թ.-ին, սակայն, դատարանները հայցապահանջն ամբողջությամբ բավարարելու վճիռ չեն կայացրել։ Այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ ԽԱՊԿ-ը 2010թ.-ից ի վեր վերլուծում է վիրավորանքի և զրպարտության հիմքով, ԶԼՄ-ների ներգրավվածությամբ դատական գործերը։ Մելիքյանի գնահատմամբ՝ 2010-ին եղավ ԶԼՄ-ների դեմ դատական գործերի մի մեծ ալիք։ Իսկ 2011-ին դատական գործերն այնքան շատ էին, որ լուրջ սպառնալիք էին խոսքի ազատությանը։ Շատերը, մամուլում իրենց ուղղված քննադատության հանդիպելով, միանգամից ուզում էին օրենքի միջոցով հաշվեհարդար տեսնել ԶԼՄ-ի հետ։ Իսկ լրագրողներն սկսել էին ցուցաբերել չափից ավելի զգուշավորություն, կային ինքնագրաքննության դրսևորումներ։ 2012-ին դատական գործերը պակասեցին, իսկ 2013-ին կրկին ավելացան, քանի որ տարի շատ լարված էին քաղաքական առումով։ Ընդհանուր առմամբ, վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված պատասխանատվության ապաքրեականացումից մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը ԽԱՊԿ-ն արձանագրել է ԶԼՄ-ների ներգրավվածությամբ վիրավորանքի և զրպարտության հիմքերով վարույթ ընդունված 98 քաղաքացիական հայց։