Ծիրանենիները փրկել չհաջողվեց
Արարատյան դաշտավայրում տեղացող առատ ձյունը գյուղացուն զրկեց ապրուստի միջոցից: Արարատի մարզի Հայանիստ համայնքի բնակիչների խոսքով` ձյունը մեծ հարված հասցրեց հատկապես ծաղկած ծիրանենիներին և հաղարջենիներին: Իսկ գյուղացիներին չհաջողվեց ծիրանենիները փրկել ցրտահարությունից:
Այս գիշեր Մայիս Բաբաջանյանի մեկ ոտքը տանն է եղել, մեկը՝ դրսում, ամեն ինչ պատրաստել էր իր բակի մի քանի ծիրանենիները ծխահարելու համար, սակայն անսպասելի տեղացած ձյունն ամեն ինչ փչացրեց. «Ձյունը եկավ, էլ ինչ կարանք անենք, էս եղանակին ոչ կարայինք կրակ վառեինք, ոչ էլ», - նշում է գյուղացին:
Գյուղացիներից Անիկ տատն էլ ավելացնում է. «Աստված տվեց, աստված էլ տարավ, ծիրանը լավ ծաղկեց՝ ասեցինք լավ բերք կլնի, բայց սաղ ձյունը սրբեց- տարավ»:
Գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում: Նրանք ասում են, որ անզոր են պայքարելու բնության դեմ. եղանակը զրկեց իրենց ապրուստից: Գյուղացիները չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ է բնությունը նման չար կատակ խաղացել իրենց գլխին:
