Ասորական համայնքի խնդիրները քաղաքական չեն
Մոտ 8 հազար ներկայացուցիչ ունեցող Ասորական համայնքը տոնում է իր Նոր տարին։ «6764 տարեկան է ասորիների Նոր տարին: Անկախ նրանից, որ Քրիստոնեությունը նույնպես ասորիներն ընդունեցին, այս տոնը ասորական եկեղեցին չանտեսեց եւ պահեց որպես ազգային տոն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ասորական համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոեւը: Ասորական համայնքի ղեկավարն ու ներկայացուցիչն այսօր խոսեցին նաեւ ասորական համայնքի խնդիրների մասին։ «Մենք քաղաքական խնդիրներ չունենք, այսօրվա դրությամբ խնդիրները միայն կրթա-մշակութային են։ Կրթական խնդիրներն այսօր լուծում ենք ՀՀ կառավարության հետ միասին։ Երեւանում եւ ասորաբնակ գյուղերում դասավանդվում է ասորական լեզուն»: Ասորական համայնքի ներկայացուցիչները, պատասխանելով «Ա1+»-ի հարցին, նշեցին, որ այսօր ասորաբնակ գյուղերը չեն դատարկվում, արտագաղթ չկա. «Մեր հիմնական արտագաղթը եղել է տասնհինգ -քսան տարի առաջ։ Հիմա չեն արտագաղթում»։ Հայաստանում ասորական համայնքը հարուստ չէ. «Ոչ մի ազգային փոքրամասնություն ոչ միջին, ոչ էլ փոքր բիզնեսում չկան, թե ինչու չկան՝ դժվարանում եմ ասել»,-նշեց պարոն Խոսրոեւը՝ հավելելով, որ ՀՀ-ում ավելի լավ վիճակում են այն ազգային փոքրամասնությունները, որոնք պետականություն ունեն, դեսպանատներ ունեն. «Վեց հազար տարուց ավելի է՝ մենք պետականություն չունենք եւ պահպանվել ենք մեր բանավոր լեզվի եւ մշակույթի շնորհիվ»: